Ադրբեջանական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տուժածներ չկան, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, այսօր ժամը 11:30-ին, Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:

«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել», - ասված է հաղորդագրությունում:

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները «բարձունքից ամբողջությամբ դիտարկում են Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը. որևէ շարժ հնարավոր չէ իրականացնել»

Շաբաթ օրն էլ Ստեփանակերտը հաղորդեց, որ Շուշի-Լիսագոր հատվածում, ադրբեջանական զինուժը խախտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում:

Ռուսական կողմը ևս դա եռակողմ հայտարարության խախտում համարեց և պարզաբանեց՝ Ադրբեջանը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքն ու սկսել դիրքի ինժեներային կահավորում։ Ըստ Ստեփանակերտի՝ խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ նրանց ելման դիրքեր վերադարձնելու համար։