Հայաստանը ուշացումով, բայց դրական է արձագանքել Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին. Չավուշօղլու

Հայաստանը ուշացումով, բայց՝ դրական է արձագանքել Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին, այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ թուրքալեզու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։

Մևլութ Չավուշօղլուն, միաժամանակ, պնդել է, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ այդ շարքում հիշատակելով նաև «Զանգեզուրի միջանցքը»։ «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան։ Այդ նախագծերը պետք է իրագործվեն։ Որոշում է կայացվել նաև սահմանների հարցով համատեղ հանձնաժողով ստեղծել, դա ևս պետք է ավարտին հասցնել։ Այժմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են խաղաղության համաձայնագրի վրա, բայց այդ գործընթացը չպետք է ձգձգել», - ասել է նա։

Ավելի վաղ, պատասխանելով «Ազատության» հարցին, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Բրյուսելում հայտարարել, թե «Բաքուն Հայաստանից պահանջում է անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»՝ Լաչինի նմանօրինակով»։

Հայկական կողմը հակադարձել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառը մեկ անգամ է կիրառվում՝ Լաչինի հետ։ Չնայած այս հակադարձումներին՝ Անկարան ու Բաքուն շարունակում են այս թեզերը շրջանառել։

Այսօր Չավուշօղլուն կրկին պնդել է՝ եթե Երևանը դրական քայլեր անի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, կլուծվի նաև հայ-թուրքական հաշտեցման հարցը։ Ի սկզբանե, մինչդեռ, Երևանն ու Անկարան հայտարարել էին, թե բանակցություններում չեն լինելու նախապայմաններ։

«Մենք էլ ենք սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, և անում ենք դա՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ: Ադրբեջանի ու Հայաստանի միջև ցանկացած դրական քայլ կնպաստի նաև մեր հարաբերությունների կարգավորմանը։ Հիմա, երբ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը, մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից։ Դա հենց նրանց է պետք առաջին հերթին», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան պնդում է՝ բանագնացների հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, Երևանը հերքում է

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, Չավուշօղլուն ասել է՝ որևէ խնդիր չկա, միաժամանակ նշել, որ ըստ նախնական համաձայնության, այսուհետ երկու երկրների հատուկ բանագնացները՝ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը հանդիպելու են ոչ թե երրորդ երկրների տարածքում, այլ Թուրքիայում և Հայաստանում:

«Հատուկ բանագնացներն իրենք կորոշեն իրենց հանդիպումների օրն ու վայրը, կարիք չկա մեկնել այլ պետություններ։ Մենք, ինչպես և Ադրբեջանը՝ անկեղծ ենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեր ջանքերում։ Եվ հույս ունենք, որ այդ անկեղծությունը փոխադարձ է», - ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Ընդգծելով, որ Թուրքիան հանձնառու է շարունակել աջակցությունը Ադրբեջանին, Չավուշօղլուն միաժամանակ քննադատել է Ֆրանսիայի նախագահին՝ Հայաստանին սատարելու համար, ու պնդել, թե այդ քաղաքականությամբ ո՛չ Մակրոնը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող անկեղծ միջնորդ համարվել։

«Պրահայում նախագահ Իլհամ Ալիևը ընդունեց Մակրոնի առաջարկն ու քառակողմ հանդիպում կայացավ։ Որքան ես եմ հասկանում՝ այդ հանդիպումը կազմակերպվել էր Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար, բայց նրանք պիտի հասկանան՝ ձեր առջև այլևս այն Ադրբեջանը չէ, որը կընդունի ամենն, ինչ որ կասեք։ Ինչո՞ւ 30 տարի Ղարաբաղի հարցը չէր լուծվում, որովհետև Մինսկի եռյակը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան աներկբա պաշտպանում էին Հայաստանին, իսկ Ադրբեջանը 30 տարի համբերում էր», - ասել է նա։

Չավուշօղլուն նաև քննադատել է սփյուռքահայերին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու համար, պնդելով, թե արտերկրում ապրող հայերը բարեկեցիկ կյանք են վարում և չեն մտածում, որ Հայաստանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ։

Հայտարարությունները հնչել են Թյուրքական պետությունների արտգործնախարարների հերթական հավաքից հետո, որին մասնակցել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Բայրամովը կրկին մեղադրել է հայկական կողմին սադրանքների համար ու պնդել, թե Երևանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, կամ խոչընդոտում է սկսված գործընթացներին։

Թե որ կետերի մասին է խոսքը՝ Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել, չի խոսել նաև Բաքվի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ հայ գերիների մասին, որոնք մինչ օրս մնում են Բաքվի բանտերում։