Վարդանյանը «պատրաստ կլինի ընդունել Արցախի պետնախարարի պաշտոնը, եթե իր մոտեցումները լայն աջակցություն ստանան»

Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացած Ռուբեն Վարդանյանը հայտարարում է՝ պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։

«Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մեկ ամիս առաջ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված ու Արցախ տեղափոխված գործարարը։

54-ամյա Վարդանյանը գրառման մեջ չի ներկայացրել իր տեսլականը, բայց հայտարարել է, որ «Արցախի գոյությունը վտանգված է և աննախադեպ այս իրավիճակում ոչ հեշտ լուծումներ են պահանջվում»:

Արցախի կառավարությունում Վարդանյանին բարձր պաշտոն առաջարկած Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ պատրաստ է նրան որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ տրամադրել։ Արցախի գործող պետնախարար Արտակ Բեգլարյանը ողջունել է այս քայլը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիրը դեռ մեկ ամիս առաջ էր Արցախի կառավարությունում պաշտոն ստանձնելու պատրաստակամություն հայտնել։ Նա արդեն ֆեյսբուքյան իր էջում արցախցիների հետ իր հանդիպումների մասին է պատմում, լուսանկարներ հրապարակում։

Արցախցի քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Վարդանյանի՝ Արցախում հայտնվելն ամենևին էլ պատահական չէր, այս առաջարկը՝ ևս։ Քաղաքագետը նկատում է՝ Լաչինի երեք բնակավայրերն ադրբեջանցիներին փոխանցելու շրջանում հանրության մոտ ավելացավ դժգոհությունը տեղի իշխանություններից։ Նաև այս ֆոնին էլ, ըստ Սարգսյանի, կարիք եղավ փոխել պետնախարարին։

«Եղան զոհեր, վիրավորներ, ադրբեջանցիք դիրքեր գրավեցին, էդ ժամանակ արդեն չգիտես ոնց էլի անունը մեջտեղ դուրս եկավ։ Տպավորություն ստեղծվեց շատերի մոտ, որ իշխանություններն իրենք են մտածում ինչ-որ քայլեր անել, փոփոխությունների գնալ, որովհետև ժողովուրդը պահանջում էր կարևոր դեմքերի հրաժարականներ՝ երկրորդ, երրորդ դեմքերի հրաժարականներ էին պահանջում՝ մեղադրելով էդ մարդկանց», -ասաց Մանվել Սարգսյանը։

Մանվել Սարգսյան

Քաղաքագետը չի կարծում, որ առանց ռուսական կողմի իմացության է Վարդանյանին նման առաջարկ արվել, բայց Արցախում երկրորդ ամենաբարձր պաշտոնը ստանձնելուց հետո ինչպես կզարգանան իրադարձությունները, նաև Բաքվի հետ հարաբերություններում Վարդանյանն ինչ դեր կստանձնի, ասում է՝ ցույց կտա ժամանակը։

«Հիմա էլ ոչ ոք չի հասկանում ուղարկել են իրեն, թե ինքն է որոշել, եթե ինքն է որոշել, էդ ո՞նց միանգամից եկավ պաշտոնի նշանակվի», - ասաց քաղաքագետը։

Երևանում ծնված Վարդանյանը երկար տարիներ բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում, 90-ականներին ղեկավարել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը, «Ֆորբսի» գնահատմամբ, նա մեկ միլիարդ դոլարի կարողություն ունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը Ռուբեն Վարդանյանին առաջարկում է պետնախարարի պաշտոնը