Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է «Տրոյկա դիալոգ»-ին առնչվող «Հետք»-ի հրապարակումը


Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունն ուսումնասիրում է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» ներդրումային բանկին առնչվող «Հետք» էլեկտրոնային պարբերականի հոդվածը։

«Հետքը», Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծի և 20 լրատվամիջոցներ համատեղ, բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ, որը գործել է «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Լրագրողների մոտ են հայտնվել 2013-ին փակված լիտվական «Յուկիո» բանկից արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» անվանումը:

Ուսումնասիրության համաձայն, այս սխեման ընդգրկել է առնվազն 70 օֆշորային ընկերություններ, որոնց միջոցով շրջանառվել է շուրջ 9 միլիարդ դոլար: Ընդ որում, ըստ «Հետքի», Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով նաև հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության նախկին իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ բավարար հիմքերի դեպքում քրեական գործ կհարուցվի․ - «Այս բացահայտումը արվել է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց հրապարակումների արժանահավատությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Թեև այս նույն կազմակերպությունների կողմից նախկինում ևս եղել են բացահայտումներ, ասենք՝ օֆշորային սկանդալների վերաբերյալ՝ այլ պաշտոնատար անձանց ներգրավմամբ, բայց դրանց հիման վրա քրեական գործերով դատապարտումներ երբևէ չենք տեսել: Խոսքը վերաբերում է բոլորիս հայտնի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին: Ավելի քան վստահ եմ, որ ապացույցների առկայության դեպքում իրավապահ մարմինների օբյեկտիվ, բազմակողմանի քննության առարկա կդառնա այս հարցը: Չեմ կարող կանխատեսել, թե քանի դատապարտումներ կլինեն, ինչ ելք կունենա քննությունը, բայց այն, որ այս իշխանությունները քանիցս համոզել են և ապացուցել են կոռուպցիայի դեմ իրենց իրական պայքար մղելու մասին, ապա այս գործի քննությունը պիտի որ ընթանա բոլորի համար համոզիչ ընթացակարգով»:

Ըստ «Հետքի», «Տրոյկա դիալոգ»-ից ավելի քան 760 փոխանցումներ են կատարվել նաև հայաստանյան բանկեր՝ 150 անձանց և ընկերությունների՝ ընդհանուր առմամբ 112 միլիոն եվրոյի և 148 միլիոն դոլարի։

«Տրոյկա դիալոգ»-ի գործընկեր «Յուկիո» բանկից 2007-ին շինանյութի դիմաց 700 հազար դոլար փոխանցում է ստացել նաև Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Սկանդալային բացահայտումից հետո, սակայն, Ծառուկյանը գործարքի մասին պարզաբանմամբ հանդես չի եկել։

Հայաստանյան առևտրային բանկերի և լիտվական «Յուկիո» բանկի միջև իրականացված գործարքներին այսօր անդրադարձել է Հայաստանի Կենտրոնական բանկը՝ հայտարարելով, որ փողերի լվացման դեմ պայքարի իրենց ստորաբաժանումը ժամանակին ակտիվորեն աշխատել աշխատել է օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման միջոցով:

«Ձեռնարկվել են տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ», - նշել է Կենտրոնական դրամատունը՝ մանրամասներ չհաղորդելով:

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Կենտրոնական բանկի այսօրվա պարզաբանումը բավարար չի համարում․ - «Թեև օրենսդրությունը և Կենտրոնական բանկի գործիքակազմը փողերի լվացման դեմ պայքարի համար բավարար են և համապատասխանում են իսկապես միջազգային պահանջներին, որը նշված է հայտարարության մեջ, բացառված չէ նաև, որ կոնկրետ դեպքերում տեղի է ունենում ոչ պատշաճ վերահսկողություն: Չի բացառվում նաև լուռ համաձայնությունը: Հետևաբար, ես կարծում եմ, որ տեղեկատվությունը բավարար չէ՝ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել»:

Ռուբեն Վարդանյանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը ֆինանսական այդ մեքենայություններին ու պնդում, թե իր ստեղծած բանկային համակարգը գործել է թափանցիկ:

Այսօր հրապարակած բաց նամակում Վարդանյանը հայտարարել է, որ այժմ իրավաբաններն ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները՝ իրենց հեղինակությունը պաշտպանելու համար։

Վարդանյանը նաև ընդգծել է՝ շարունակում են ֆինանսավորել թե՛ առևտրային, թե՛ սոցիալ-ձեռնարկատիրական, թե՛ մարդասիրական ծրագրերը՝ «Սկոլկովո» բիզնես դպրոցը Ռուսաստանում, Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանում ու «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG