Պաշտոնական Երևանը պնդում է՝ Բաքուն միտված է տապալելու խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը, այսօր ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ պատասխանում է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկների նկատմամբ անփոփոխ է. Միրզոյան

Նախքան պաշտոնական Երևանի այս հայտարարությունը, երեկ Իտալիայում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների գործնական բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ հիմնված են լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանազատում և հաղորդակցությունների բացում։

«Այս սկզբունքներն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին, և Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ», - ասել է Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ

Ավելին՝ Ադրբեջանի առաջնորդը հույս է հայտնել, որ մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել․ - «Ես հավատում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե հայկական կողմը նման կամք դրսևորի, ապա, իմ կարծիքով, դա իրական է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Ալիևի՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մի քանի ամսից

Ըստ էության պատասխանելով Ալիևին՝ արտգործնախարար Միրզոյանն այսօր ասել է, որ հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է, մանրամասնելով, որ այդ առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը:

Երբ գարնանը Բաքուն բացահայտեց իր հինգ սկզբունքները, պաշտոնական Երևանը, առանց հստակեցնելու՝ ինչ կարգավիճակ է պատկերացնում, պատախանեց, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. Միրզոյան

Այսօր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ամիսներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցել էին լրացված օրակարգ՝ հայտարարելով, որ հենց այդ հենքի վրա են պատրաստ շարունակել խաղաղության բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը գաղտնազերծել է Բաքվին ներկայացրած իր առաջարկները

Արտգործնախարարի փոխանցմամբ՝ այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատել է վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: «Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - ասված է արտգործանախարարի մեկնաբանությունում:

Մամիջանյանի պնդմամբ՝ «բանակցությունները Հայաստանի համար աղետալի փուլում են»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատվիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ փոխադարձ այս հայտարարությունները վկայում են, որ հետպատերազմական բանակցությունները Հայաստանի համար աղետալի փուլում են:

«Այսինքն, այն ամենը, ինչի մասին ընդդիմադիր շատ ու շատ գործիչներ զգուշացնում էին դեռևս ամիսներ առաջ, այժմ արդեն տեսանելի իրականություն է դարձել, և դա այնքան անհերքելի փաստ է, որ ընդունում են նույնիսկ ՔՊ-ական տարբեր կալիբրի պաշտոնյաներ: Անկախ նրանից՝ այն կավարտվի պայմանագրով, թե կմնա փակուղու մեջ, ցավոք սրտի, այս պահին բոլոր նախադրյալները ցույց են տալիս, որ երկու պարագայում էլ այդ արդյունքը ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերի է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մամիջանյանը:

Խաղաղության դարաշրջանը շարունակում է մնալ ՔՊ օրակարգում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավորները բրյուսելյան բանակցություններից հետո վարչապետի հետ հանդիպում չեն ունեցել և նոր մանրամասների չեն տիրապետում։ Խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը միայն ասաց՝ խաղաղության դարաշրջանը շարունակում է մնալ իրենց օրակարգում:

«Բանակցային գործընթացի նրբությունը պահանջում է շատ աշխատանք և քիչ խոսք», - ասաց Վարդանյանը:

Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև 4-ժամանոց հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Այդ նպատակով Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն։

Ի դեպ, Փաշինյան Ալիև հանդիպումը հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահը բանակցություններից հետո հայտարարություն է տարածել, որում որևէ անդրադարձ չկար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև, ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը, այդ մասին քննարկում եղել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ. Շառլ Միշել