Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստացան

Ամիսներ շարունակված հակասություններից հետո Թուրքիան ի վերջո համաձայնել է չխոչընդոտել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Անկարայի հետ երկար բանակցությունների արդյունքում Ֆինլանդիան և Շվեդիան այսօր Մադրիդում ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստացան: Համաձայնության դիմաց Թուրքիայի մի շարք պահանջներ են բավարարվել, այդ թվում` Անկարայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 անձանց արտահանձնումը։

«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունն ավելի անվտանգ կդարձնի դաշնակիցներին և եվրաատլանտյան տարածաշրջանը, իսկ ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա»,- ասված է գագաթնաժողովի ժամանակ հրապարակված հայտարարության մեջ:

Հյուսիսատլանտյան դաշինքը այսօր նաև ռազմավարական նոր մոտեցումներ է համաձայնեցնել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ սկանդինավյան երկու երկրների անդամակցությունը հնարավորինս արագ տեղի կունենա:

«Ֆինլանդիային ու Շվեդիային դաշինքին անդամակցելու հրավերը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են: Սա նաև նշանակում է, որ նախագահ Պուտինը չի հաջողել ՆԱՏՕ-ի դռները փակելու հարցում: Դրանք շարունակում են բաց մնալ: Սա նաև ցույց է տալիս, որ մենք հարգում ենք յուրաքանչյուր պետության սեփական ուղին ընտրելու իրավունքը», - ասել է Յենս Ստոլտենբերգը:

Երեք երկրների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ երեկ երեկոյան կայացած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը կտրականապես դեմ արտահայտվող Թուրքիան ի վերջո կանաչ լույս կվառի դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին։ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարները եռակողմ հուշագիր ստորագրեցին:

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ երեկ ստորագրված փաստաթղթում Ստոկհոլմն ու Հելսինկին Անկարային խոստացել են սերտ համագործակցել հակաահաբեկչական պայքարում, ինչպես նաև հանել զենքի արտահանման արգելքը:

Որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ` Ֆինլանդիան և Շվեդիան կանխելու են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության և առընթեր ահաբեկչական կազմակերպությունների ու դրանց հետ կապ ունեցող անձանց գործունեությունը, արգելելու են կառույցի դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը, չեն աջակցելու քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին և գյուլենական շարժմանը, որոնք նույնպես Թուրքիայում ահաբեկչական են համարվում: Բացի այդ, Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկատվությունը, ապացույցները և հետախուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման հետ կապված պահանջները։

Այսօր Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ պատրաստվում են 33 մարդու արտահանձնում պահանջել: Բեքիր Բոզդաղի խոսքով` Ֆինլանդիայում 6 քուրդ ահաբեկիչ և 6 գյուլենական է ապաստանել, իսկ Շվեդիայից ակնկալում են 11 քուրդ և 10 գյուլենականի գործերի քննություն:

Հուշագրի ստորագրումից հետո Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ասել է՝ սա շատ անհրաժեշտ համաձայնություն էր. «Մենք միասնական ենք, չնայած, որ հարկ եղավ փոխզիջումների գնալ: Այսուհետ ևս մենք հետևելու ենք ֆիննական օրենսդրությանը: Կարիք չկա փոփոխություններ անել այս համաձայնության պատճառով, իսկ ինչ վերաբերում է արտահանձման հարցին, մենք կառաջնորդվենք մեր ներկայիս փորձով»:

Շվեդիայի վարչապետն էլ է պատմական համարել իր երկրի սպասվող մուտքը հյուսիսատլանտյան դաշինք: Մագդալենա Անդերոսնը նաև ասել է, որ հանցագործ համարվող անձանց արտահանձման հարցում Թուրքիայի հետ սերտ երկխոսության մեջ կլինեն, ինչպես նաև կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում անելիքները:

«Դա կախված է նրանից, թե ինչ տեղեկություն կստանանք Թուրքիայից այս հարցերի շուրջ: Արտահանձնման բոլոր դեպքերում, իհարկե, մենք առաջնորդվելու ենք շվեդական ու միջազգային օրենսդրությամբ և անշուշտ, հետևելու ենք արտահանձնման մասին եվրոպական կոնվենցիային», - շեշտել է նա:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ևս ողջունում են ընտանիքի համալրումը նոր անդամներով: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնավորապես ասել է, որ սա պատմական օր է դաշինքի համար:

«Այսօրվա առաջին դասը այն է, որ եթե Վլադիմիր Պուտինը հույս ուներ ՆԱՏՕ-ի ավելի քիչ ներկայություն ունենալ իր արևելյան ճակատում Ուկրաինա անօրինական ներխուժման արդյունքում, ապա նա ամբողջովին սխալվեց, և հիմա ՆԱՏՕ-ն ավելի ընդլայնվեց: Սա պատմական գագաթնաժողով է մի շարք առումներով, բայց հիմա մենք արդեն երկու նոր անդամ ունենք՝ Ֆինլանդիան ու Շվեդիան: Դաշինքի համար սա մեծ քայլ է առաջ», - հավաստիացրել է Ջոնսոնը:

Ռուսաստանի սկանդինավյան հարևանները ռազմական դաշինինքին անդամակցելու ցանկություն հայտնեցին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։