Մատչելիության հղումներ

Քուրդ պատգամավորը հայտնվել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մասին քննարկումների կիզակետում


Շվեդիայի խորհրդարանը, արխիվ

Շվեդական խորհրդարանի ազգությամբ քուրդ պատգամավորը հայտնվել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մասին քննարկումների կիզակետում։

Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը կողմ արտահայտվելու համար մի շարք պահանջներ է ներկայացրել, այդ թվում՝ այդ երկրներում ապաստանած շուրջ երեք տասնյակ մարդու արտահանձնում։ Անկարան նրանց ահաբեկիչներ է համարում: Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր, թե մի շարք ահաբեկչական կառույցներ ազատորեն գործում են Շվեդիայում՝ հայտնվելով նույնիսկ խորհրդարանում:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ամինե Կակաբավեն վստահ է, որ Թուրքիայի նախագահը, ահաբեկիչ ասելով, իրեն նկատի ուներ:

Մերձավոր Արևելքում քրդերի ինքնորոշման ջատագով, սոցիալիստ Կակաբավեն ծնվել է Իրանում, քրդական ընտանիքում: 13 տարեկանում նա միացել է քրդական զինված խմբավորումներին՝ դառնալով «փեշմերգա»՝ ազատամարտիկ: Հակառակ ծնողների կամքին, նա դարձել է Իրանական Քուրդիստանի հեղափոխական աշխատավորական միության անդամ՝ բարձրանալով զինյալների ճամբարներ հարևան Իրաքի լեռներում:

Նրանք ընդդիմանում էին իրանական ռեժիմին և Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգին: Տարիների դժվար պայքարից հետո Կակաբավեն մի շարք զինակիցների հետ որոշում է հեռանալ՝ սկզբում անցնելով Թուրքիա, ապա՝ Եվրոպա: 19 տարեկանում Կակաբավեն փախստականի կարգավիճակով հայտնվել է Շվեդիայում, կրթություն ստացել ու քաղաքական կարիերա սկսել։ Նախկին «փեշմերգա» Կակաբավեն առաջին անգամ 2008-ին է պատգամավոր ընտրվել՝ պայքարելով «արյան վրեժի» ավանդույթի դեմ ու հանդես գալով որպես փախստականների համայնքներում կանանց իրավունքների, գենդերային հավասարության ջատագով։ 2019-ին հեռանալով ձախերի կուսակցությունից, իր գործունեությունը շարունակել է որպես անկախ պատգամավոր:

Անցած տարի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մագդալենա Անդերսոնը կարողացավ կառավարություն կազմել ընդամենը մեկ ձայնի առավելությամբ և այդ ձայնը տվել էր քուրդ պատգամավորը։ Փոխարենը, Անդերսոնը սկսեց աջակցել Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության դեմ պայքարող քուրդ զինյալներին: Այժմ Կակաբավեի ձայնից է կախված կառավարության մի շարք նախաձեռնությունների, մասնավորապես հաջորդ տարվա բյուջեի օրինագծի ճակատագիրը:

Օրերս Associated Press-ին տված հարցազրույցում Կակաբավեն ասել է, որ «հանդես է գալիս Շվեդիայի արժեքների ու ինքնիշխանության օգտին և Էրդողանը չպետք է որոշի իրենց փոխարեն»: Նա վստահ է, որ կառավարությունը չպետք է տեղի տա և կատարի Թուրքիայի պահանջները:

Քուրդ պատգամավորի գործելակերպը, որը արգելք է դարձել Շվեդիայի ճանապարհին դեպի ՆԱՏՕ, քննադատության է հանդիպել ինչպես Շվեդիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կակաբավեն կառավարությանը նաև կոչ էր արել ահաբեկչական կազմակերպություններից ցուցակից հանել Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, ինչը աննկատ չէր մնացել: Նա ասել է, որ սպառնալիքներ է ստացել ինչպես թուրք ազգայնական, այնպես էլ ծայրահեղ աջ շվեդական շրջանակների կողմից:

«Սարսափելի իրավիճակ է, բայց ես չեմ ուզում նստել անկյունում և ասել, որ վախենում եմ: Ես թողել եմ իմ ընտանիքը, մանկությունը, այն ամենը, ինչ ունեի, որպեսզի պայքարեմ իմ համոզմունքների համար», - ասել է 48-ամյա քաղաքական գործիչը:

Թուրքիան Շվեդիայից բացի մի քանի տասնյակ մարդու արտահանձնումից, պահանջում է նաև հակաահաբեկչական օրենսդրությունը խստացնել, արգելել Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությունը։

Ամինե Կակաբավեի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի անդամակցության համար առաջացած փակուղուց ելք կգտնվի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կուլիսային համաձայնությամբ: Եթե չստացվի ու Շվեդիան իր դեմ քվեարկության պատճառով չկատարի Թուրքիայի պահանջները, քուրդ պատգամավորը չի զղջա, քանի որ անձամբ դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը և կարծում է, որ այսպիսով Շվեդիան կզրկվի խաղաղության համար ձայն բարձրացնելու կարողությունից։

«Ես զինաթափման կողմնակից եմ: Աշխարհը ավելի շատ խաղաղության ու դիվանագիտության կարիք ունի», - ասել է նախկին քուրդ մարտիկը:

ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրած Շվեդիայի իշխանությունները հայտարարում են, որ կկատարեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Ինչ վերաբերում է խորհրդարանում վճռորոշ ձայն ունեցող Ամինե Կակաբավեի ու իշխող ուժի համագործակցությունը, Շվեդիայի վարչապետի փոխանցմամբ, այդ պայմանավորվածությունը կլրանա երեք ամսից։

Սեպտեմբերին Շվեդիայում ընտրություններ կանցկացվեն, հետո նորընտիր խորհրդարանը իր հերթին վարչապետ կընտրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG