Հանդիպմանը չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ, բայց քննարկման մեկնարկն ինքնին հուսադրող է. Սաուլի Նինիստո

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամակցությանը ձգտող Ֆինլանդիան և Շվեդիան մի շարք հանդիպումներից, քննարկումներից, Թուրքիայի պահանջները կատարելու պատրաստկամությունից հետո էլ առայժմ չեն կարողանում ստանալ Անկարայի համաձայնությունը։

Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երեք երկրների ներկայացուցիչները հանդիպել ու քննարկել են Անկարայի առաջ քաշած պահանջները։ Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

Քալընի խոսքով հանդիպումը դրական է անցել, այժմ ակնկալում են, որ այդ երկրները հստակ քայլեր կձեռնարկեն. - «Այսօր մեր գործընկերներին ներկայացրեցինք մեր ակնկալիքները: Մենք վերստին ընդգծեցինք, որ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեզ համար վերջնաժամկետ չէ, և բանակցությունները շարունակվելու են»:

Թուրքիան պնդում է, թե լուրջ անվտանգային մտահոգություններ ունի, և Շվեդիայից պահանջում խստացնել հակաահաբեկչական օրենսդրությունը, արգելել Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությունը, արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչներ համարվող մի շարք անձանց, հանել զենքի արտահանման արգելքը:

Վարչապետ Մագդալենա Անդերսոնը անցած շաբաթ հայտարարել էր, թե համապատասխան քայլեր են ձեռնարկվում և հուլիսի 1-ից արդեն ավելի ուժեղ օրենսդրություն կունենան:

Մինդեռ Թուրքիայի նախագահականի խոսնակը ասել է, թե դեռ հստակ չէ, թե օրենքի ինչ փոփոխություններ են արվելու ,և որքանով են դրանք համապատասխանելու իրենց պահանջները. - «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պետք է կատարի անհրաժեշտ պարտավորությունները: Անընդունելի է, որ ահաբեկչական կազմակերպությունները Եվրոպայի կենտրոնում գործունեություն են ծավալում: Հուսով եմ, նրանք ևս հստակ տեսնում են այդ պատկերը, կգիտակցեն, որ ահաբեկչական գործողությունները, բռնության խթանումն ու պրոպագանդան ոչ մի կապ չունեն խոսքի ու հավաքների ազատության հետ: Նրանք հայտարարել են, թե պատրաստվում են քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Բոլորս միասին կտեսնենք այդ քայլերը»:

Բրյուսելյան հանդիպումից հետո Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հայտարարել է, որ հանդիպմանը հատուկ առաջընթաց չի արձանագրվել և չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ, բայց քննարկման մեկնարկն ինքնին հուսադրող է:

ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի ավարտի մասին Նիսիստոն հստակ ժամկետներ չի նշել, սակայն ասել է, թե քիչ հավանական է համարում, որ դա տեղի կունենա մինչև սեպտեմբեր:

Ակնկալվում էր, որ հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտը կհաստատվեր։ Այդ հավաքից օրեր առաջ Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի քայլերից է կախված խնդրի հանգուցալուծման արագությունն ու ընթացքը. - «Մենք սկզբունքորեն դեմ չենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Նախկինում 1999 թվականից սկսած մենք սատարել ենք մյուս երկրների թեկնածությունը: Սակայն դա տեղի է ունեցել միայն ու միայն դաշինքի պահանջներին համապատասխանելու շնորհիվ, և անդամ բոլոր երկրները անցել են այդ ճանապարհը»:

Երեկվա հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը դրական էր գնահատել կայացած բանակցությունները՝ շեշտելով, որ Ֆինլանդիան և Շվեդիան ավելի կուժեղացնեն կառույցը և կամրապնդեն եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը: Նա նշել էր, որ քննարկումները կշարունակվեն առաջիկա օրերին՝ հույս հայտնելով, որ կողմերը ամենակարճ ժամկետում ընդհանուր հայտարարի կգան: Ռուսաստանի սկանդինավյան հարևանները ռազմական դաշինինքին անդամակցելու ցանկություն հայտնեցին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։