Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված շաբաթներ առաջ դեռ հայտնի չէ Թուրքիայի դիրքորոշումը Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցով


ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ վճռորոշ գագաթնաժողովից հաշվված շաբաթներ առաջ հստակ չէ` դաշինքի անդամ Թուրքիան ի վերջո հավանություն կտա սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը, թե կմերժի՝ ինչպես սպառնում է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Հավաքը նախատեսված է հունիսի 28-ից 29-ը Մադրիդում, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ավելի վաղ չէր բացառել, որ անդամակցության արձանագրությունները ստորագրվեն հենց այդ ժամանակ։

Պաշտոնական անկարան Հյուսիսատլանտյան ռազմական կառույցին անդամակցել ցանկացող Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրում է իր թշնամիներին՝ քրդական խմբավորումներին աջակցելու համար և պահանջում փոխել վերաբերմունքը և, հետևելով իր օրինակին, ահաբեկչական կառույցներ հռչակել Քրդական աշխատավորական կուսակցությանը։

Հելսինկին և Ստոկհոլմն առայժմ միայն հայտարարել են, որ ի գիտություն են ընդունել Թուրքիայի առարկությունները, սակայն թուրքական կողմի պահանջներն իրականացնելու մասին հրապարակավ չեն հայտարարել։

Փոխարենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլնտենբերգն է հերթական անգամ հայտարարել, որ կապի մեջ է Թուրքիայի հետ և փորձում են «ընդհանուր հայտարարի գալ» Անկարայի մտահոգությունների, Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ։

«Մենք պետք է հաշվի առնենք անվտանգության ոլորտում մեր բոլոր դաշնակիցների մտահոգությունները։ Այդ նպատակով առաջիկա օրերին ես Բրյուսել եմ հրավիրում երեք երկրների բարձրաստիճան պատշտոնյաներին», - նախօրեին հայտարարում էր Ստոլտենբերգը, որը շաբաթներ առաջ, արձագանքելով ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի ցանկությանը, գրկաբաց ընդունելություն էր խոստանում այդ երկրներին։

Այս շաբաթ The Economist պարբերականում լույս տեսած հոդվածում Թուրքիայի նախագահը պնդում էր, թե ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիային և Ֆինլանդիային ընդունելը վտանգներ է պարունակում նախևառաջ Թուրքիայի, ապա նաև կազմակերպության ապագայի համար։

Էրդողանի խոսքով՝ եթե սկանդինավյան այդ երկու երկրները ակնկալում են պաշտպանություն ՆԱՏՕ-ի կազմում երկրորդ խոշոր բանակի աջակցությունը, ինչը նախատեսում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-ր հոդվածը, ապա այդ երկրներն իրենց հերթին պետք է «կանխեն հավաքագրումը, դրամահավաքները և Քրդական աշխատավարոկան կուսակցության քարոզչական գործունեությունը»:

Հելսինկին և Ստոկհոլմը մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, անվտանգության հետ կապված աճող մտահոգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։

Այժմ երկու պետությունների հայտը կքննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որը բաղկացած է դաշինքի 30 պետությունների ներկայացուցիչներից։ Նոր անդամների ընդունումը պետք է միաձայն հաստատվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։

Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինն անցած օրերին հայտարարել է, որ սկանդինավյան հարևանների ՆԱՏՕ-ին անդամակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն նախազգուշացրել է, որ Մոսկվան կպատասխանի, եթե դաշինքն ընդլայնի ռազմական ենթակառուցվածքները այդ երկրների տարածքներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG