Հայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը

Էդուարդ Սպերցյանը խփում է հանդիպման միակ գոլը, Երևան, 4-ը հունիսի, 2022թ.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ՝ 2022-23 թվականների մրցաշարը:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում շաբաթ երեկոյան կայացած Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը՝ 74-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում հաջող հանդես գալու արդյունքում, երբ Հայաստանի ընտրանին առաջին տեղը գրավեց C լիգայի երկրորդ խմբում, Խոակին Կապառոսի սաները նոր մրցաշարում հանդես են գալիս ավելի ուժեղ՝ B դիվիզիոնի առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Շոտլանդիայի, Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականները:

Հունիսի 8-ին Հայաստանի թիմը կհյուրընկալվի Շոտլանդիային, հունիսի 11-ին՝ Ուկրաինային, և հունիսի 14-ին կընդունի Շոտլանդիային:

Մրցաշարի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերին՝ 24-ին ընդունելով Ուկրաինային և 27-ին հյուրընկալվելով Իռլանդիային:

Մրցաշարի խմբային փուլին կհաջորդեն կիսաեզրափակիչները և երրորդ տեղի համար խաղը, եզրափակիչը կկայանա եկող տարվա հունիսին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեզ համար ճոխություն է այս դիվիզիոնում խաղալը». Հայաստանը մեկնարկում է պայքարն Ազգերի լիգայում