Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ, քննարկել իրավիճակը ԼՂ-ում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում զորքը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի դիրքերին

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ հանդիպումների ժամանակ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները:

ԱԳ նախարարը և դեսպաններն անդրադարձել են նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ «ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով, սադրիչ և անպատասխանատու է որակում այդպիսիք
Արցախում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, սակայն ո՛չ Արցախի նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը չէին հաստատում։