Ըստ Վիճակագրական կոմիտեի, 2021-ին Հայաստանի բնակչությունը նվազել է

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահ, արխիվ

2021-ին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել, փաստում է Վիճակագրական կոմիտեն։ Նախօրեին հրապարակված վիճակագրության համաձայն, Հայաստանի անձնագրով մեկնողների ու ժամանողների տարբերությունը անցած տարի գերազանցել է 73 հազարը։ Սա ամենաբացասական ցուցանիշն է՝ անցած տասը տարվա ընթացքում։

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստան չվերթները գրեթե միշտ մարդաշատ են։ Որոշ քաղաքացիներ մեկնում են Ռուսաստանում ապրող հարազատներին այցելելու, կամ վերադառնում են ընտանիքների մոտ, մյուսները՝ արտագնա աշխատանքի, մի մասն էլ՝ հիմնական բնակություն հաստատելու, ոչ բոլորն են ցանկանում տեսախցիկի առջև խոսել։

Your browser doesn’t support HTML5

Ըստ Վիճակագրական կոմիտեի, 2021-ին Հայաստանի բնակչությունը նվազել է

2018-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, մինչդեռ, Հայաստանից մեկնողների ու ժամանողների բացասական թիվը շեշտակի նվազել էր։

Միգրացիոն ծառայություն․ բացասական հաշվեկշիռը դեռ արտագաղթ չէ

«Մարդիկ, երբ որ ասում են արտագաղթ, իրենք պատկերացնում են, որ մարդիկ գնացին և չվերադարձան։ Այդպիսի վիճակագրական ցուցանիշ գոյություն չունի», - ասում է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքները։

Նրա խոսքով, մեկնողների ու ժամանողների բացասական հաշվեկշիռն արտագաղթի ցուցիչ համարելը սխալ է։ Ղազարյանի պարզաբանմամբ, սահմանահատումների վիճակագրության մեջ ներառված են արտագնա աշխատանքի, գործուղման մեկնողները, ուսանողները, հարազատներին այցելության մեկնողները, որոնք երկիրը լքում են ժամանակավոր, բայց որոշ դեպքերում՝ մեկ տարուց ավելի ժամկետով։

2020-ին կորոնավիրուսի սահմանափակումներն են հիմնականում ազդել 2021 թվականի բացասական ցուցանիշի վրա, համոզված է պաշտոնյան. - «Մեր աշխատանքային միգրացիոն հոսքը, որը ավանդաբար ուղղված է Ռուսաստանի Դաշնություն և միջինում կազմում է շուրջ 60-70 հազար՝ տարվա կտրվածքով, չի գնացել ոչ մի տեղ 2020 թվականին։ Եվ 2021 թվականին ակնհայտորեն մենք պետք է ունենայինք այդ հոսքի մեկնում՝ աշխատանքային գործունեությունը իրականացնելու նպատակով»։

Արտագաղթի իրական պատկերն իմանալու համար մարդահամար է անհրաժեշտ

2020-ին մարդահամար չանցկացվեց՝ համավարակի պատճառով։ Ըստ կառավարության որոշման, այն կանցկացվի այս տարի։ Մինչ այդ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն է հետազոտություն իրականացնում՝ պարզելու, թե ինչ չափերի է հասնում արտագաղթը Հայաստանում։ Հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով, «արդյունքները շուտով կհրապարակվեն, և մի շարք հարցերի պատասխան կտան»։

Փորձագետի խոսքով, մեկ այլ ցուցիչ, որ մոտավորապես կարող է ներկայացնել արտագաղթի պատկերը, միգրացիոն մնացորդն է, որը ևս ամեն տարի հրապարակվում է։ Վիճակագրական կոմիտեն այն կազմում է՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը համադրելով ոստիկանությունից ստացված գրանցված և գրանցումից դուրս եկող քաղաքացիների ու այլ տվյալներ հետ։ «Միգրացիոն մնացորդը ավելի խոսուն ցուցանիշ է, քան սահմանային անցակետերով իրականացված այդ մուտքերի-ելքերի գրանցումները»,-ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը ։

Պաշտոնական տվյալներով, 2021-ի միգրացիոն մնացորդը 4200 է եղել, այսինքն՝ այդքան քաղաքացի չի վերադարձել։