Մատչելիության հղումներ

Արտագնա աշխատանքի մեկնողներին առաջարկվում է աշխատել տեղական շինարարություններում


Շինարարական աշխատանքներ Շիրակի մարզում, արխիվ

Համավարակի պատճառով փակված խոպանի ճանապարհի փոխարեն կառավարությունն արտագնա աշխատանքի մեկնողներին մեկ այլ ուղի է առաջարկում՝ աշխատել տեղական շինարարություններում։

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ամեն տարի 100-120 տղամարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Այս տարի նրանք էլ շատերի պես մնացել են տանը: Բայանդուրի համայնքապետ Դավիթ Դավթյանի սեղանին դրված են կառավարության սուբվենցիոն 5 ծրագրերը, որոնք այս տարի իրականացվելու են գյուղում:

«Մենք ունենք 5 հատ սուբվենցիոն ծրագիր՝ գազաֆիկացում, ոռոգման ցանցի 1,5 կիլոմետր երկարությամբ փակ խողովակով ջրատարի կառուցում, մշակույթի տան հիմնանորոգում, համայնքապետարանի հիմնանորոգում, մթնոլորտային կայանի տեղադրում: Գազաֆիկացումն ու ոռոգումը հաստատվել է արդեն Կառավարության կողմից, մնացած ծրագրերն էլ են հաստատվել, ուղղակի նախագծահաշվարկային աշխատանքների մեջ ինչ-որ թերություններ կան, հիմա այդ թերությունները ճշտում ենք, որպեսզի ժամանակին կարողանանք մրցույթ հայտարարել: Միայն Բայանդուր գյուղում 300 միլիոն դրամի աշխատանք է կատարվելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավթյանը:

Համայնքապետը մրցույթը շահող կազմակերպությունների առաջ պայման է դնում, որ աշխատանքներում ներգրավվի տեղի աշխատուժը. - «Ուղղակի կխնդրեմ բոլորին, տենդեր շահող կազմակերպություններին, որ աշխատուժի 70 տոկոսը գյուղից լինի: Ինչու եմ ասում 70 տոկոս՝ որովհետև կան աշխատանքներ, որոնք գյուղում չկան այդպիսի մասնագետներ, որ կարողանան այդ աշխատանքները կատարել»:

Բայանդուրցի 58-ամյա Անդրանիկ Գրիգորյանը դեռ 16 տարեկանից խոպանի ճամփան է բռնել, հիմա գործ չունի։ Խոպանի փոխարեն կնախընտրի տեղում աշխատանք ունենալը, միայն թե աշխատավարձը ձեռնտու լինի:

«Տեսնենք՝ ով է էդ գործի, գործ վերցնողը ով է, ինչացու է, ինչ ձևի գներ կառաջարկեն՝ կմտնենք կաշխատենք: Կարող է գան ըսեն՝ «արեք կոպեկներով աշխատեք», ընձի ի՞նչ պետք է: Եթե նորմալ գներ էղնին, շատ լավ կաշխատենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգորյանը:

Նա ասում է՝ եթե հետագայում էլ աշխատանքի առաջարկ ունենա, խոպանի ճամփան կմոռանա. - «Ամեն տարի որ էղնի, տարեկան միջինը գոնե մի 2 միլիոն փող էղնի դռան վրա, չեմ պատկերացնում, որ վատ կեղնի: Եթե հացս ուտեմ, գամ աշխատիմ, էրթամ տեղաշորիս մեջ պառկիմ, ոչ թե գլուխս դնեմ ցեմենտի պաչկի վրա»:

Կառավարությունը մարզպետարաններին հրահանգել էր հաշվառել առկա աշխատուժը, թե որքան մարդ չի կարողացել խոպան գնալ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է՝ կառավարության որևէ ծրագիր մարզում չի չեղարկվել: Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ նաև մշակույթի տների, համայնքապետարանների ու այլ կառույցների շինարարություն կմեկնարկի: Մարզպետարանում հաշվառվածների տվյալները փոխանցել են շինարարական կազմակերպություններին։

«Մոտ 2 հազար 700 քաղաքացիներից էր տվյալների մեր բազան բաղկացած, մեր կողմից ուղարկվեցին Շիրակի մարզում գործող բոլոր շինարարական կազմակերպություններ, Տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի էնտեղից նաև ներկայացվեն երկրի մակարդակով մեծ շինհրապարակներում, մեծ աշխատուժում ներգրավելու նպատակով: Եվ մենք մարզպետարանում ունեցանք քննարկում, հրավիրեցինք շինարարական կազմակերպությունների ղեկավարներին, և ես հորդորեցի, որ իրենց մոտ կարիքի դեպքում առավելագույնս օգտվեն էս բազաներից և էս մարդկանց հրավիրեն», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց մարզպետը:

Թե ներկայացված ցանկից քանիսն է աշխատանք գտել, առաջիկայում կամփոփեն։ Ամեն դեպքում, պաշտոնյաների գնահատմամբ, նախորդ տարիներին շինարարության ոլորտում աշխատուժի պակաս զգացվում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG