«Մենք թույլ չտվեցինք, որ գերեզմանները քանդեն, իրենք էլ նույն կերպ վարվեցին»

Լոռու մարզի Ձյունաշող գյուղի տարեց բնակչուհին իր տան պատշգամբում, արխիվ

1980-ականների վերջին, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները խիստ լարված էին, Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն ու Ադրբեջանում ապրող հայերը սկսեցին հեռանալ իրենց բնակավայրերից: Այդ ժամանակ էր, որ Ադրբեջանի Շամախու շրջանի Քերքենջ հայաբնակ գյուղի և Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղըզըլ Շաֆագ ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները որոշեցին բնակավայրերով փոխանակվել:

Հիմա Քերքենջում հայերից միայն գերեզմաններ են մնացել: Գյուղ մտնելիս ձախ կողմում կարելի է տեսնել ադրբեջանցիների գերեզմանաքարերը, իսկ աջ կողմում՝ հայերինը:

Այսօրվա բնակիչները վերհիշում են հեռավոր 1989 թվականը, երբ այս գյուղ եկան ու սկսեցին ապրել հայերի թողած տներում:

Ջեմիլե Օրուջովան 23 տարեկան էր, երբ ամուսնու հետ Հայաստանից տեղափոխվեց Քերքենջ: Հիշում է՝ ավելի քան 30 տարի առաջ, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը գնալով խորանում էր, հասկացան, որ վաղ թե ուշ պետք է հեռանան գյուղից:

«Այս տունը այն ժամանակ կար, բայց մյուս փոքր շինությունները ինքներս ենք կառուցել: Իմ սկեսրայրը և մյուս տարեց մարդիկ մեքենայով եկան այստեղ՝ տեսնելու, թե ուր կարող ենք տեղափոխվել, և գտան Շամախու այս գյուղը: Այստեղից էլ հայերն էին գնացել մեր գյուղ շրջայցի: Հետո մենք եկանք ու տեղավորվեցինք այստեղ, ամեն մեկը մի տուն վերցրեց, հենց այնպես՝ առանց պայմանավորվելու տներով փոխանակվեցինք», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է Օրուջովան։

Քերքենջի ներկայիս բնակիչները պատմում են, որ երբ որոշեցին փոխանակվել գյուղերով և տներով, գյուղի մեծերն իրար խոստացան, որ փոխադարձաբար պահպանելու են այնտեղ մնացած գերեզմանները և տարին մեկ այցի են գնալու հարազատների շիրիմին.

«Մենք թույլ չտվեցինք, որ գերեզմանները քանդեն, իրենք էլ նույն կերպ վարվեցին: Բայց հիմա չգիտենք ինչ վիճակում է մեր գերեզմանոցը», - ասում են Քերքենջի այսօրվա բնակիչները։ - «Ոչ ոք ձեռք չի տվել նրանց գերեզմաններին, բոլորը պահպանվել են: Մի ժամանակ ասում էին, թե մեր այնտեղի գերեզմանների վրա քարեր են դրել, բայց հետո շտկել էին՝ մտածելով, որ այստեղ էլ իրենք թողած շիրիմներ ունեն: Հիմա էլ ո՞վ է գնում-գալիս այնտեղ, դժվար է իմանալ, թե ինչ է պատահել»:

Այնինչ հայկական կողմում էլ ադրբեջանական գերեզմաններն են խնամքով պահում:

Կալինինոյի Ղըզըլ Շաֆագը հիմա Ձյունաշող է կոչվում: Վրաստանին սահմանակից այս գյուղի բնակիչներն էլ են հիշում 33 տարի առաջվա խստաշունչ ձմեռը, երբ թողեցին Քերքենջն ու տեղափոխվեցին Հայաստան: Անցած տարի «Ազատության» թղթակիցն այցելել էր երբեմնի Ղըզըլ Շաֆագ ու լսել տեղացիների պատմությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամենից գլխավորը ոչ թե բարեկամությունը, այլ առևտուրն է»․ սահմանամերձ գյուղի բնակիչ

Գյուղի բնակիչները պատմել էին, թե մինչև 2008 թվականը իրենց տների ադրբեջանցի նախկին տերերը հայ-վրացական սահմանով գալիս, այցելում էին մինչ օրս պահված ադրբեջանական գերեզմաններ, անգամ կարոտն առնում նախկին տներից։ Բայց հետո՝ 2008-ին առաջ եկավ երկու երկրների անվտանգության հարցը, և հայ-վրացական սահմանի նաև այս հատվածում փշալարեր քաշվեցին։

Գյուղի տարեցներից Իշխան Ծատուրյանը հիշել էր, որ գյուղերի փոխանակման գաղափարը դուր էր եկել Ղըզըլ Շաֆագի գյուղապետ Բայրամ Բայրամովին, և նա անձամբ էր աջակցել այդ գործին։ Ձյունաշողում մինչև հիմա էլ մի պատմություն է պտտվում, թե հայերը Բայրամովին նոփ-նոր «Ժիգուլի»-ով ու 10 ռուբլիանոցների կապոցներով են ճանապարհել Ադրբեջան։

Նախկին Ղըզըլ Շաֆագից Քերքենջ տեղափոխված 70-ն անց Զաման Բալաքիշիևը ևս լավ է հիշում անհանգիստ այդ ժամանակները, բայց կյանքը հիմա էլ հեշտ չէ. - «Այն ժամանակ գնալ-գալու թույլտվություն կար: Մենք էլ եկանք, խոսեցինք: Մենք նրանց տները նայեցինք, իրենք էլ՝ մերը: Մտածեցինք՝ ինչ էլ լինի պետք է գնանք, մեր երեխաներին ողջ ու առողջ տեղ հասցնենք: Արդեն 32 տարի է այստեղ ենք ապրում, ու այս ընթացքում ոչ ոք գյուղի կարիքների մասին չի մտածել: Քանի անգամ ենք դիմել, որ ճանապարհ սարքեն: Առևտրի համար որպեսզի շրջկենտրոն հասնենք, համարյա 10 դոլար պետք է տանք մեքենային: Ոչ էլ ջուր ունենք, երևի 1940-ականներից մնացած ջրի խողովակները փտել են»:

Մեդրեսեում էլ են հայերի մասին հիշողություններ մնացել

Շամախու մեկ այլ՝ Մեդրեսե գյուղում էլ են հայերի մասին հիշողություններ մնացել: 1980-ականների վերջին այստեղի հայ բնակչությունը ևս ստիպված էր հեռանալ գյուղից և տեղափոխվել Հայաստան: Նրանց էլ փոխարինեցին Հայաստանը լքած ադրբեջանցիները և Միջին Ասիայից Ադրբեջան գաղթած մեսխեթցի թուրքերը:

Գյուղի բարձունքում երևում է կիսաքանդ եկեղեցին, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Սուրբ Աստվածածին անունով։ 1989-ին, երբ հայերը հեռացել են այստեղից, եկեղեցին մնացել է անտեր: Գյուղի բնակիչներից Մեհրաչ Նովրուզովը պատմում է, թե տաճարը ոչ ոք չի վնասել, այն ավերվել է անխնամ մնալու և տեղումների պատճառով: Նրա խոսքով՝ գյուղ եկողները միշտ այցելում են այս եկեղեցի, ոմանք նույնիսկ պատկան մարմիններին բողոքել են կառույցի վատ վիճակի համար: Հիմա այն փլուզման վտանգի տակ է, պատերի վրա ճաքեր կան: «Երբ ես երեխա էի, եկեղեցին լավ վիճակում էր, այսպես քանդված չէր: Հետո ձյան, անձրևի պատճառով սկսվեց քանդվել, արդեն 7-8 տարի է այս գմբեթը չկա», - ասում է Նովրուզովը։

Ադրբեջանի մշակութային արժեքների պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ եկեղեցին պետության կողմից պահպանվող պատմական և մշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, քանի որ այն նոր է հայտնաբերվել, այժմ գրանցման աշխատանքներ են տարվում: Միայն այս գործընթացից հետո կքննարկվի կառույցի վերականգնման հարցը: