Մատչելիության հղումներ

90-ականներին Լոռու մարզում հաստատված փախստականները հույս չունեն, թե ադրբեջանցիների հետ երբևէ բարեկամություն կհաստատվի


Վլադիմիր և Կիմա Բալյանները Ձյունաշողի իրենց տանը։
Վլադիմիր և Կիմա Բալյանները Ձյունաշողի իրենց տանը։

Տասնամյակներ առաջ Բաքվից Լոռու մարզի Ձյունաշող գյուղ տեղափոխված Վլադիմիր Բալյանը շաքարից էլ նախկին համը չի առնում։ Համեմատում է, թե այսօր կյանքն էլ իր թեյի նման անհամ է թվում։

Կնոջ՝ Ասյայի հետ խոսք-խոսքի են տալիս ու հիշում, ինչպես սպառնալիքների տակ Բաքվի կենտրոնում թողեցին տուն-տեղը, արած-դրածն ու երեք մանկահասակ երեխաների հետ Հայաստան եկան։ Չկարողացան գոնե վաճառել բնակարանը Հայաստանում իրենց հավանած տունը գնելու համար։ Ընտրության հնարավորություն չտվեցին իրենց, Ձյունաշողում վերաբնակվելը՝ պարտադրված էր։

Գլխներով անցած այս ամբողջ պատմությունից ու անցած տարվա ահարկու պատերազմից հետո տարեց ամուսինները հույս չունեն, թե ադրբեջանցիների հետ երբևէ բարեկամություն կհաստատվի։

Լոռու մարզի մեկ այլ գյուղում՝ Ղուրսալիում է ապրում Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից տեղափոխված Ստելլա Մարտիրոսյանն իր ընտանիքով։ Նրա հարկի տակ այսօր ապաստանել է հադրութցի քրոջ անտուն մնացած ընտանիքը։ Ուզում են հավատալ, որ մի օր կարող ենք բարեկամ դառնալ հարևան Ադրբեջանի հետ, բայց հետո դառնացած կասկածում. երեք անգամ պատերազմած երկրին ձեռք մեկնելը դժվար է։ «Ճիշտ ա, իրանց հետ ապրել ենք։ Բա դե հըմի սիրտն չի ասում, որ դրանց հետ կարաս ապրես», - ասում է Ստելլա Մարտիրոսյանը։

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմը թարմացրել է 81-ամյա Վարյա Գալստյանի վերքերը։ Նա ևս Բաքվից է Ղուրսալի տեղափոխվել․ - «Էս ջահելների համար, մեր էն փախստականների համար օր չկա, որ լաց չլինեմ»։

Հարևանը՝ Եվգենյա Սարկիսյանը հազարավոր զոհված երիտասարդների ու Ադրբեջանում դեռ գերության մեջ գտնվողների ցավը սրտում մտմտում է ու չի գտնում տանջող հարցի պատասխանը՝ դեռ մինչև երբ ենք պատերազմելու․ - «Պատերազմը, որ այսքան կյանք խլեց, ո՞ւմ էր դա պետք։ Ոչ ոքի։ Ինչ-որ մեկին պետք էր, բայց մենք երևի չգիտենք՝ ում»։

Ձյունաշողցի Իշխան Ծատուրյանը հիշում է՝ խորհրդային տարիներին ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունն ու լավ հարաբերությունները պարտադրված էին։ Կարգերն էին այդպիսին. ազգային խտրականությունն արգելված էր․ - «Մենք էնտեղ թուրքերից ենք լավ ապրել։ Մեզի ամեն ինչ կարելի էր, բայց իրենց՝ թուրքին, չի կարելի։ Նույնն էլ երևի ստեղ ա էղել։ Պալիտիկան ա էսպես էղել։ Տարբերություն չպիտի լինի ազգերի մեջ»։

Հիմա արդեն ժամանակներն էլ են փոխվել, իրադրությունն էլ։ Դեռ թարմ վերքեր կան։ Ավելի քան 30 տարի հակառակորդ համարված երկրի հետ բարեկամություն չի լինի, բայց առևտուր գուցե, հնարավոր է անել, ասում է Բալյանը․ - «Գալու ա ժամանակ, բացվելու ա։ Հայաստանը իրավունք չունի ռամկի մեջ մնա, պիտի դուրս ճանապարհ բացի, ուզում ա թշնամի ա, ուզում ա թշնամի չի։ Պիտի ճանապարհ ունենաս»։

Մինչդեռ բազմաթիվ զոհեր, վիրավորներ ու գերիներ ունեցող Հայաստանում քաղաքական աթոռակռիվ է, ցավով է ասում ձյունաշողցի Իշխանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG