Մատչելիության հղումներ

«Ամենից գլխավորը ոչ թե բարեկամությունը, այլ առևտուրն է»․ սահմանամերձ գյուղի բնակիչ


Ձյունաշողի բնակիչ Իշխան Ծատուրյանն ու իր կինը

Խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ Ղզլ Շաֆագն արդեն 30 տարի Ձյունաշող են կոչում։ Վրաստանի հետ սահմանակից այս գյուղում կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե աշխարհի ծայրին են ապրում, հետո իրենք իրենց հույս տալիս, թե՝ չէ, իրենցից հեռու՝ սահմանին կպած մի գյուղ էլ կա՝ Պաղաղբյուրը, որը ժամանակին 1000 բնակիչ ուներ, այսօր 5 ընտանիք է մնացել՝ առանց ջահելների։

Ձյունաշողը Հայաստանի միակ գյուղն է, որ գրեթե բոլոր ադրբեջանցիները 88-ին ծագած հակամարտությունից հետո Ադրբեջանի Քերքենջ գյուղի հայերի հետ պայման են արել ու տները միմյանց հետ փոխանակել հաշտ ու համերաշխ։

Ձյունաշողցի Իշխան Ծատուրյանը պատմում է՝ ուղիղ 32 տարի առաջ այս օրերն էին։ Հայաստանում գյուղից գյուղ անցան, հարմար բնակավայր փնտրեցին։ Մեկը ցրտաշունչ էր, մյուսում արդեն ազատ տուն չկար։ Ի վերջո Ղզլ Շաֆագի ադրբեջանցի ղեկավար Բայրամ Բայրամովին դուր է եկել գյուղերը փոխանակելու միտքը։ Անձամբ աջակցել է գործին։ Մինչև այսօր էլ բերնեբերան պատմություններ են պտտվում, թե հայերը Բայրամովին հետո Ձյունաշող դարձած Ղզլ Շաֆագից ճանապարհել են նոր, յուղը վրան «Ժիգուլիով»՝ բեռնված 10 ռուբլիանոցների կապոցներով։

Ադրբեջանի Քերքենջ գյուղի հայերն ու Ղզլ Շաֆագի ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել իրենց ամբողջ ունեցվածքով հատել սահմանն ու նոր կյանք սկսել նոր գյուղերում։ Իշխան Ծատուրյանն ասում է՝ Ադրբեջանից տեղափոխվելիս ինքն անգամ իր սեփական այգուց ստացած 450 լիտր խաղողի գինին ու սիրելի շանն է Հայաստան հասցրել։

Իշխանի զոքանչը՝ 80-ամյա Ռոզա Գրիգորյանը նույնպես ունեցածն անվնաս բերել է։ Ձեռագործ գորգն էլ միշտ գլխավերևում է՝ պատից կախված։ Բայց միևնույնն է՝ միտքն էլի այնտեղ է․ - «Էնտեղ 5-6 մեռել ունեմ․․․»

Լոռու մարզի Ձյունաշող գյուղից երեք կիլոմետր այն կողմ Վրաստանի ադրբեջանաբնակ Իրգանչայն է։ Մինչև 2008 թվականը սահմանի երկու կողմերի գյուղացիները գնում-գալիս էին, հարևանություն ու առևտուր անում։ Գյուղի բնակիչները կիսաբերան պատմում են, թե անգամ իրենց տների նախկին ադրբեջանցի տերերն այդ սահմանով գալիս, այցելում էին դեռ մինչև այսօր աչքի լույսի պես պահված ադրբեջանական գերեզմաններ, անգամ կարոտն առնում նախկին տներից։ Բայց հետո՝ 2008-ին առաջ քաշվեց երկու երկրների անվտանգության հարցն ու փակվեց հայ-վրացական սահմանը նաև այս հատվածում։ Փշալարերով բաժանեցին երկու բարեկամ գյուղերը։

Ձյունաշողի վարչական ղեկավար Էդուարդ Գրիգորյանը ևս Ադրբեջանի Քերքենջ գյուղից տեղահանված հայերից է։ Ասում է՝ հայ-վրացական սահմանի փակվելը մեծ վնաս է հասցրել Վրաստանի հետ սահմանակից գյուղերին, արտագաղթը ավելի է մեծացել։ Նախկինում 1000 աշակերտ ունեցած դպրոցում այժմ 15 երեխա է սովորում։

Երիտասարդ ղեկավարը գյուղը տուրիստական կենտրոն դարձնելու նոր ծրագրեր ունի։ Ասում է՝ գյուղացիներին խոստումներ տված բարեգործ կա։ Պայմանավորվել են․ կիսավեր տները կքանդեն, գյուղը տեսքի կբերեն ու լճին ափին գտնվող բնակավայրն իսկական հանգստի գոտու կվերածեն։

Նաև կաթի ու մսի վերամշակման գործարանների շինարարությունն արդեն սկսում են, ասում է Գրիգորյանը․ - «Ուզում ենք զարգացնենք գյուղը, որ չմոռացվի էս գյուղը։ Բնությունով, ամեն ինչով շատ հարմար գյուղ ա»։

Բայց ձյունաշողցի Իշխանը հույս չունի, թե հայաստանցին թեկուզ տարիներ հետո լավ կապրի, եթե սահմաններն էլի այսօրվա նման կողպած մնան։

Անցյալում հարևան երեք երկրների միջև գալ-գնալ, տալ-առնել արած Ծատուրյանը համոզված է՝ անգամ եթե բարեկամություն չանենք, մի օր առևտուր պետք է սկսենք մեր այսօրվա հակառակորդի հետ․ - «Ամենից գլխավորը ոչ թե բարեկամությունն ա, այլ առևտուրն ա։ Եթե առևտուր արավ ժողովուրդը ժողովրդի հետ, էն ժամանակ երկու պետությունն էլ լավ են ապրելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG