Ժնևում ռուս-ամերիկյան առաջին բանակցային փուլն էական առաջընթաց չի ապահովել

Ուենդի Շերմանի և Սերգեյ Ռյաբկովի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, Ժնև, 10 հունվարի, 2022թ.

Այդուհանդերձ կողմերը ցանկանում են առաջիկայում նոր հանդիպումներ անցկացնել:

Միջազգային ասպարեզում այս շաբաթվա առանցքային քաղաքական իրողությունը Ռուսաստանի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցային մարաթոնն է:

Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումն է, վաղը ռուսները պետք է Վիեննայում՝ ԵԱՀԿ-ում բանակցեն, իսկ երկուշաբթի օրը Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Ուենդի Շերմանն են հանդիպել: Վերջինս, ի դեպ, մասնակցում է նաև բրյուսելյան այսօրվա նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը ցանկանում է շփվել Մոսկվայի հետ, վստահեցնում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը

Ռուսական կողմն Արևմուտքից ու նախևառաջ Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրների միացումը ՆԱՏՕ-ին բացառելու հստակ և պաշտոնական փաստաթղթով երաշխավորված խոստում:

Շերմանի հետ հանդիպելուց առաջ Ռյաբկովը բավական ամպագոռգոռ հայտարարություն է արել՝ փոքր-ինչ ժողովրդական լեզվով ՆԱՏՕ-ին խորհուրդ տալով «փասա-փուսան հավաքել և նահանջել դեպի 1997 թվականի դիրքերը»:

Ամերիկյան կողմն այդ ագրեսիվ խոսքին պատասխան ամպագոռգոռ հայտարարությամբ չի արձագանքել, բայց նկատել է տվել, որ «Ռուսաստանն ընդհանրապես չունի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում ձայնի իրավունք»:

Ռուսական իշխանամետ մամուլում և վերլուծաբանների մեկնաբանություններում ժնևյան հանդիպումից առաջ այնպիսի տոնայնություն էր և հոխորտանք, կարծես լսարանին ուզում էին ասել, որ «հեսա մերոնք կգնան դրանց ջարդը կտան, կվերադառնան»: Ժնևից հետո նման խանդավառություն չի նկատվում:

«Այս պահին դեռ չենք տեսնում լավատեսության առիթներ, ինչպես Ռյաբկովն է նշել՝ բանակցությունները դրական էին, բաց, շիտակ և բովանդակային, բայց կարևորը ոչ թե բուն բանակցությունն է, այլ դրա արդյունքը, ինչի մասին դեռ բան չենք կարող ասել», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դեռ կլինեն նոր հանդիպումներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլի խոսնակի պնդմամբ, ժնևյան բանակցություններն առայժմ լավատեսություն չեն ներշնչում

«Դրանք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմելու ու հասկանալու, թե որտեղ ենք մենք ամերիկացիների հետ։ Հիմա անհնար է որևէ եզրակացություն անել», - ասել է Կրեմլի խոսնակը։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Ժնևում անդրադարձ չի եղել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջին, քանի որ Մոսկվայի պահանջներից շատերը «պարզապես անընդունելի են և քննարկման ենթակա չեն»:

Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն պարտավորվի երբեք և որևէ պարագայում անդամի կարգավիճակ չշնորհել Ուկրաինային և նախկին խորհրդային այլ երկրի․ այստեղ, բնականաբար, խոսքը Վրաստանի մասին է:

Բացի այդ, ռուսները պահանջում են, որ ՆԱՏՕ-ն դուրս հանի ռազմական ենթակառուցվածքներն այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին են անդամակցել 1997 թվականից հետո:

Այդ պահանջները Մոսկվան դեռ դեկտեմբերին է փոխանցել Արևմուտքին: Ժնևում տիկին Շերմանը պարոն Ռյաբկովին հոդաբաշխ բացատրել է, որ «Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների հարցերն առանց այդ երկրների ներկայացուցիչների Ամերիկան Ռուսաստանի հետ սկզբունքորեն չի քննարկում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ մշակելու համար միջազգային բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն այսօր «Պառլամենտսկայա գազետա» պարբերականին ասել է, թե Վաշինգտոնը պատրաստ չէ Մոսկվայի հետ քննարկել ՆԱՏՕ նոր անդամներ չընդունելու առաջարկը:

«Ամերիկացիները վստահ նպատակադրվել են տարածել աշխարհում իրենց ազդեցության սահմանները, և դրա առավել արդյունավետ մեթոդը ՆԱՏՕ-ի ընդարձակումն է: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների այդ ռազմավարությունը ոչ մի դեպքում չի փոխվի, դա է Ամերիկայի ճանապարհը դեպի միաբևեռ աշխարհ, բայց ամերիկացիները բնավ պատրաստ չեն պատերազմել հանուն այդ նպատակի և գերադասում են ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել», - ասել է Կոսաչովը:

Միաժամանակ, Դաշնության խորհրդի փոխխոսնակը նշել է, թե չի կարելի ասել, որ ժնևյան բանակցությունները բացարձակ ապարդյուն էին:

«Ընդհանուր առմամբ կա որոշակի զգուշավոր լավատեսություն, հանդիպումն իմաստ ուներ», - նշել է Կոսաչովը:

Ամերիկյան կողմը նշում է, որ պատրաստ է ամենայն ուշադրությամբ լսել ռուսների առաջարկները, հաշվի առնել այդ գերտերության մտահոգությունները և համատեղ ջանքերով որոնել փոխադարձ ու համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղիներ: Ամերիկացիները հուսով են, որ առաջիկայում տեղի կունենան նոր հանդիպումներ:

«Սա դիվանագիտական գործընթացի սկիզբն է, մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը մեր երկրի հետ երկխոսությանը: Սա կարևոր է, կրկնեմ, սա է մեր նախընտրած ընթացքը, որը համարում ենք կենսունակ և որը հիմա փորձարկում ենք», - ասել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: