Մատչելիության հղումներ

Մոսկվան նոր զորավարժություններ է սկսել Ուկրաինային սահմանակից մարզերում


Եվրոպայում անվտանգության երշախիքների շուրջ բանակցություններին զուգահեր Մոսկվան նոր զորավարժություններ է սկսել Ուկրաինայի հետ սահմանակից մարզերում, Վաշինգտոնն էլ Մոսկվայից պահանջում է դեէսկալացիա Ուկրաինայի հետ սահմանին։

Բրյուսելում այսօր անցնում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները․ Մոսկվան, մասնավորապես, պահանջում է երաշխիքներ առ այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ընդլայնվի Ուկրաինայի և Վրաստանի հաշվին։

Նոյեմբերից Արևմուտքը, հղում անելով հետախուզական տվյալները, հայտարարում է իր մտավախության մասին, որ Ռուսաստանը նոր հարձակում է ծրագրում Ուկրաինայի դեմ։

Նախօրեին անցել էր ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե չնայած Ռուսաստանի հետ սրված հարաբերություններին, դաշինքը շարունակելու է բաց դռների իր քաղաքականությունը և նախկինի պես կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը պետք է որոշեն անդամ պետությունները և թեկնածու երկրները։

Ռուսաստանի հետ հարաբերությունների լարված ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, ի դեպ, հայտնել էր Ռուսաստանի մեկ այլ հարևան Ֆինլանդիան։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը, հարցը դաշինքի օրակարգում է 2008 թվականից, մինչ օրս, սակայն, այդ երկրների հնարավոր անդամակցության ժամկետները չեն հստակեցվել։

Այսօրվա բանակցությունները երկու օր առաջ Ժնևում կայացած շուրջ ութ ժամյա բանակցությունների հաջորդ փուլն են։ Բանակցությունները նախաձեռնել էր Մոսկվան։ Դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել էր Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ երաշխիքների մասին համաձյանգրերի նախագծերը։

Հունվարի 10-ին Ժնևում կայացել էին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք, սակայն, արդյունք չէին տվել, և կողմերը հայտարարել էին, որ շատ բան պետք է որոշվի այսօր՝ Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններին։ Վաշինգտոնը ընդգծել էր, թե ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերը չի որոշելու առանց ՆԱՏՕ-ի։

Ռուսական կողմը պնդում է, թե Միացյալ Նահանգները պետք է գրավոր պատասխանի ռուսական կողմի առաջարկություններին արդեն եկող շաբաթ։

Մինչ Արևմուտքը պահանջում է, որ ռուսական կողմը հետ քաշի զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի հետ սահմանից, Մոսկվան հայտարարում է նոր զորավարժությունների մասին։ Արևմտյան ռազմական օկրուգը նախօրեին հայտարարել է Ուկրաինային սահմանակից Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժությունների սկիզբը։

Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը Մոսկվային կոչ է արել՝ բացատրություն տալ Ուկրաինայի հետ սահմանի մոտ զորավարժությունների անցկացման համար։ Վաշինգտոնն ընդգծում է, որ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններում առաջընթացը հնարավոր է միայն դեէսկալացիայի մթնոլորտում։

ԱՄՆ-ը սպասում է ռուսական զորքերի վերադարձին իրենց զորանոցներ, ինչպես նաև պարզաբանումներ զորավարժությունների մասին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հավելելով, թե Վաշինգտոնը մտահոգություն ունի, որ Ռուսաստանը կարող է կրկնել 2014 թվականի Ղրիմի սցենարը։ Նրա խոսքով՝ լարվածությունը նվազեցնելու համար Ռուսաստանի տարածքում ցանկացած զորավարժություն պետք է թափանցիկ լինի։

«Դեէսկալացիան այս համատեքստում նշանակում է, որ ռուսական զորքերը պետք է վերադառնան իրենց զորանոցներ, որպեսզի այդ զորավարժությունները կա՛մ բացատրվեն, կա՛մ դադարեցվեն, որպեսզի այդ ծանր զինատեսակները վերադառնան իրենց կանոնավոր պահեստավորման վայրեր: Բայց մենք սրա հետ մեկտեղ աջակցում ենք Ուկրաինայի արևելյան հակամարտության դիվանագիտական լուծմանը», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG