Իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի. ԱԽ քարտուղար

Իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վկայակոչելով արված ուսումնասիրությունները։

«Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», - ասաց ԱԽ քարտուղարը։

Ճշտող հարցին, թե հնարավոր սահմանագծումից հետո ինչ կա, էդպես էլ մնալո՞ւ է այդ հատվածներում, Գրիգորյանը պատասխանեց՝ ընդհանուր առմամբ այո։

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ Քյարքին՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երբեմնի հայաբնակ Արծվաշենը` Բաշքենդ. հայացք ներսից հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ
Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին, հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։ «Բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է», - ասաց Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է

Գրիգորյանի խոսքով՝ կա Արծվաշենի հարցը և այստեղ հնարավորություն կա քննարկումներ ծավալել։ «Բայց ընդհանուր առմամբ, եթե իրավական տեսանկյունից ենք նայում և նաև քարտեզների մասով, բոլոր քարտեզները՝ 20-ականներից մինչև 70-ականներ ձևավորված քարտեզները, ոչ 100 տոկոսով, բայց շատ մոտ են իրար, որոշ տեղերում փոփոխություններ իհարկե կան, նաև կլիմայի պատճառով, բայց հստակ է, որ մենք հստակ պատկերացնում ենք մեր սահմանը», - ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև