Մոլդովան վաղվանից կրկին կարող է զրկվել ռուսական գազից

Մոլդովան վաղվանից կրկին կարող է զրկվել ռուսական գազից, եթե այսօր չմարի «Գազպրոմ»-ի պարտքը։ Ռուսաստանյան գազային հսկան 48 ժամ է տվել Քիշնևին տասնյակ միլիոնավոր դոլարի պարտքը մարելու համար։

Պարտքի չափը, որ պետք է մարի Մոլդովան երկու օրում, կազմում է 74 միլիոն դոլար։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք կառավարության հետ՝ ծանուցմամբ սահմանված ժամկետում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լուծել այս խնդիրը», - Reuters-ին ասել է «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբանը։

«Գազպրոմ»-ի հաշվարկներով՝ Մոլդովայի ընդհանուր պարտքը կազմում է 433 միլիոն դոլար, իսկ քանի որ այդ պարտքի մարման ժամկետները պարբերաբար հետաձգվել են, գումարը, ռուսական կողմի պնդմամբ, հասել է 709 միլիոնի, ինչին, սակայն, մոլդովական կառավարությունը համաձայն չէ։

Շաբաթներ առաջ «Գազպրոմ»-ն ու Մոլդովան համաձայնության էին եկել գազի մատակարարման նոր պայմանների շուրջ։ Էներգետիկ ճգնաժամում հայտնված Քիշնևը, որը գազի դեֆիցիտի պատճառով հոկտեմբերին երկրում արտակարգ դրություն էր հայտարարել, ստորագրել էր «Գազպրոմ»-ի պահանջած նոր երկարամյա պայմանագիրը։

Էներգետիկ աննախադեպ ճգնաժամն այդ երկրում տեղի է ունեցել քաղաքական փոփոխությունների ֆոնին։ Այս ամռանը անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մոլդովացիները նախապատվությունը տվեցին եվրոպամետ ուժի օգտին, որը ձգտում է առավել սերտ կապեր հաստատել Բրյուսելի հետ՝ փորձելով երկիրը դուրս բերել ռուսաստանյան ազդեցության գոտուց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազպրոմ»-ը խոստանում է այսօրվանից ավելացնել գազի մատակարարումները եվրոպական պահեստարաններ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճգնաժամից հետո «Գազպրոմն» ու Մոլդովան ի վերջո համաձայնության եկան նոր պայմանագրի շուրջ