ՔՊ-ն և «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել, քաղաքապետի թեկնածու է առաջադրվում Վարդգես Սամսոնյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ըստ հուշագրի, Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրվում «Բալասանյան դաշինք»-ից Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետեր առաջադրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացմամբ:

ՔՊ-ից Քնարիկ Հարությունյանն ասաց՝ այս պահին դեռևս փոխքաղաքապետերի թեկնածուների աննուները նշել չեն կարող: «Նոյեմբերի 1-ին՝ ավագանու առաջին նիստից հետո և՛ փոխնախագահների, և՛ ավագանու խմբակցության ղեկավարի, քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների անունները արդեն հրապարակավ կներկայացնենք ու նաև այլ մանրամասներ», - նշեց Հարությունյանը:

Հուշագիրը ստորագրվել է ելնելով Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ նպատակ ունենալով ավագանիում ձևավորել կայուն մեծամասնություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրու քաղաքապետի թեկնածուները չեն շտապում կոալիցիաների մասին խոսել

«Ազատության» հարցին էլ, թե ինչո՞ւ հուշագրի ստորագրումը այդքան ձգձգվեց, Քնարիկ Հարությունյանն արձագանքեց. «Որևէ ճնշման մասին խոսք գնալ չի կարող, սա միտված է միայն ու միայն քաղաքի զարգացմանը: Երկրի կառավարող ուժը Գյումրիում այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, մենք շահագրգիռ ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակի այդ բարի ավանդույթը նաև Գյումրիում: Ժամկետները ուղղակի այսպես ստացվեց, որևէ օրինաչափություն, որևէ դիտավորություն դրա մեջ տեսնել պետք չէ»:

Գյումրիի նոր ավագանիում առավելագույն՝ 14 մանդատ ստացած «Բալասանյան դաշինքին» երեք մանդատ էր պակասում մեծամասնություն կազմելու համար: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 11 մանդատ: