Մատչելիության հղումներ

Դեռևս պարզ չէ` «Բալասանյան դաշինքը» կոալիցիա կկազմի, թե ոչ. «ներթիմային քննարկումներ են»


Գյումրիի նոր ավագանիում առավելագույն՝ 14 մանդատ ստացած «Բալասանյան դաշինքին» երեք մանդատ է պակասում մեծամասնություն կազմելու համար։ 4 մանդատ ստացած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը օրերս առաջարկել էր «Բալասանյան դաշինքին» իրենց հետ կոալիցիա կազմել։ 3 օր է անցել, սակայն մինչ այս պահը առաջարկն անպատասխան է:

«Այս պահին ներթիմային քննարկումներ ենք տանելու, արդյունքների ամփոփումից հետո մեր առաջիկա կայացրած որոշման մասին անպայման մամուլի հաղորդագրություն կլինի», - «Ազատությանն» ասաց «Բալասանյան դաշինքի» լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանը` ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված իրենց լռությունը։

«Բալասանյան դաշինիքի» համար «Զարթոնքի» առաջարկած 4 մանդատը վճռորոշ է. դա նրանց հնարավորություն կտա, որ Գյումրիի հաջորդ քաղաքապետը իրենց դաշինքից լինի։ «Զարթոնքի» ցուցակի 2-րդ համար Կարեն Սոսյանը «Բալասանյան» դաշինքի լռությունը նորմալ է համարում. «Իրենք էլ պետք է երևի որոշեն իրենց քաղաքական թիմի մեջ, ու այս պահին ոչ մի որոշում չկա իրենցից», - նկատեց նա:

Գյումրիում նաև լուրեր են շրջանառվում, որ «Բալասանյան դաշինքը» կոալիցիա կկազմի 11 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Մամուլն էլ այս օրերին գրում է, թե իշխանությունների կողմից ճնշումներ կան դաշինքի նկատմամբ:

Բացի ներքին քննարկումներից, «Բալասանյան դաշինքը» կոալիցիա կազմելու շուրջ նաև կուսակցությունների հետ է բանակցում. «Որոշում այս պահին չունենք, ներթիմային քննարկումներն անենք»:

2-ական մանդատ ստացած Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցություններից առաջինը բացառում է միայն ՔՊ-ի հետ կոալիցիան, իսկ երկրորդն առհասարակ կոալիցիա չի կազմելու, ասաց կուսակցության ցուցակի 2-րդ համար Արթուր Խաչատրյանը:

«Այս պահի դրությամբ մենք բացառում ենք որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել: Կարելի է ասել` եղել են {առաջարկներ}, բայց չենք քննարկում», - հավելեց Խաչատրյանը:

Գյումրիում պարտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին խուսափում է հստակեցնել՝ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կկազմի, թե ոչ: «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջիկա օրերին կհայտնեն իրենց որոշումը։

Ավագանի անցած թեկնածուները մինչև հոկտեմբերի 27-ը ինքնաբացարկ ներկայացնելու ժամանակ ունեն։ Մեկ օր անց արդեն ընտրատարածքային հանձնաժողովը կհրապարակի ավագանու անդամների վերջնական` անվանական ցուցակը։ Իսկ 33 հոգանոց նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի նոյեմբերի 3-ին։ Հենց այդ օրն էլ ավագանու անդամները բաց քվեարկությամբ իրենց կազմից կընտրեն Գյումրիի չորրորդ քաղաքապետին։

XS
SM
MD
LG