Բաքուն երախտագիտություն է հայտնել միջազգային համայնքին` ցուցաբերած աջակցության համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Պաշտոնական Բաքուն երախտագիտություն է հայտնել միջազգային համայնքին` ցուցաբերած աջակցության համար։

«Ձեռք բերված համաձայնությամբ, 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97,000 ականների քարտեզները` վրաց֊ադրբեջանական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Բաքուն հատուկ շնորհակալություն է հայտնել առաջին հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և ԵԱՀԿ շվեդ նախագահությանը` նրանց աջակցության համար:

«Քարետզների ձեռքբերումը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր և կարագացնի Աղդամը վերակառուցելու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած ծրագրերն ու տեղահանվածների վերադարձը այդ բնակավայրեր»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Հայաստանն Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ է արել»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, պնդել է` Երևանը ոչ թե փոխանակել է ականապատ տարածքների քարտեզները գերիների դիմաց, այլ` Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ արել։

«Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն` դրանք չեն բաժանում մեզ՝ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում», - այսօր հայտարարել է Փաշինյանը։ Ավելին, վերջինս պնդել է, թե ականապատված տարածքների քարտեզներ Բաքվին փոխանցել է նաև մինչ այս`Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով:

«Պաշտոնապես ասում եմ` մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին, այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։ Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել` նաև Լավրովի հետ եմ որոշ քարտեզներ Ադրբեջան ուղարկել», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանը ևս ողջունել է կողմերի միջև արձանագրված վերջին զարգացումները։ «Սա երկար սպասված և հրաշալի նորություն է», - հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: