ԵԱՀԿ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի մասին հաղորդումներով, հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
«Բոլոր լուծման կարոտ խնդիրները պետք է հանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով», - Թվիթերում գրել է Անն Լինդեն։
«ԵԱՀԿ-ը պատրաստ է օժանդակել և կիրառել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՝ ստեղծելու համար երկխոսությանը նպաստող մթնոլորտ», - ասված է հաղորդագրությունում։
Concerned about repeated reports of incidents on Armenia/Azerbaijan border. All outstanding issues must be resolved peacefully through negotiation. @OSCE stands ready to assist and implement confidence-building measures to create an atmosphere conducive to dialogue. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) May 27, 2021
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երեք օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Երեկ առավոտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։
Նույն օրը Հայաստանի վարչապետի աշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ առաջարկով հանդես եկավ՝ երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: