Ազգային ժողովն այսօր ժամը 18-ին արտահերթ նիստ կգումարի Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի հարցով

Ազգային ժողովն այսօր ժամը 18.00-ին, արտահերթ նիստ կգումարի՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Հայաստանի սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հարցով։

Նախաձեռնությունն Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներինն է։

«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը, Ազգային ժողովի խորհուրդը որոշում է համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն», - ասված է ԱԺ խորհրդի որոշման մեջ։

Պաշտոնական Երևանը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ինչպես նաև Սիսիան քաղաքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման մասին։

Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է։ Միաժամանակ, ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Հայաստանի տարածքները լքելու պահանջով։