Արմեն Սարգսյանը Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով Արմեն Սարգսյանին: Նախագահը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը:

Հանրապետության նախագահն այսօր Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը, զրուցել Արցախյան պատերազմի հերոսի անցած ուղու մասին, ծանոթացել նրա կյանքի՝ շատերի համար դեռևս անհայտ առանձին դրվագների հետ: Նախագահն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է:

«Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահը:

Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մահացել է մարտի 31-ին 81 տարեկան հասակում։