Ըստ ռուս դիվանագետի՝ Լեռնային Ղարաբաղում պայմաններ են ստեղծվել խաղաղ կյանքի հաստատման համար

Ապրիլի 3-ին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 29-ամյակը, այս կապակցությամբ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդնեկոն հարցազրույց է տվել հայկական «Նովոյե վրեմյա» պարբերականին։

Ղարաբաղյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ճգնաժամ է նկատվում, համենայնդեպս Հայաստանում քիչ չեն նրանք, ովքեր հարցականի տակ են դնում երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և մեղադրում են Ռուսաստանին, որ սպասվածի չափ չի օգնել իր ռազմավարական դաշնակցին։ Ռուդենկոն, սակայն, այս հարցազրույցում պնդում է, թե հետխորհրդային շրջանում ռուս-հայկական համագործակցությունն ունի իրապես դաշնակցային բնույթ, աչքի է ընկնում քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ, փոխադարձ կոոպերացիայի ոլորտների լայն բազմազանությամբ, ճյուղավորված իրավապայմանագրային բազայով։

Ռուս դիվանագետը այս կոնտեքստում հիշատակում է 1997-ին ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որով Ռուսաստանը և Հայաստանը պարտավորվում են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել միմյանց, այդ թվում՝ ռազմական, զինված հարձակման դեպքում։ Մոսկվան պարբերաբար պնդել է պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում, որ այս պայմանագրի համաձայն ռազմական օգնություն ցույց կտար Հայաստանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն նաև Հայաստանի տարածք։

Ռուդենկոյի պնդմամբ՝ Ռուսաստանն այսօր էր ակտիվ օգնում է իր դաշնակցին: Մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տուժածներին աջակցելու համար Մոսկվան արդեն շուրջ 15 մլն դոլար է ծախսել։ Բարեկամական հարաբերությունների ապացույց որպես փոխարտգործնախարարը բերում է այն փաստը, որ անցած տարի Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները 60 անգամ խոսել են միմյանց հետ:

Հարցազրույցում նաև անդրադառնում են հայաստանյան ներքին իրավիճակին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, մասնավորապես, ասում է, որ Հանրապետության ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացները Մոսկվան դիտարկում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ։

«Իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում։ Կոչ ենք անում հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն, գտնել ողջամիտ փոխզիջումներ՝ ի շահ հայ հասարակության համախմբման: Հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, Սահմանադրության շրջանակներում և մեկնարկային կետ կհանդիսանա Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար», - ընդգծել է Անդրեյ Ռուդենկոն:

Իսկ ապրիլի 4-ին լրանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-ամյակը։ Այս կապակցությամբ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեծ հարցազրույց է տվել Moscow-Baku պարբերականին, որում մասնավորապես ասել է, թե անցած տարի առաջացած բոլոր սպառնալիքները Մոսկվան և Բաքուն գերազանց են հաղթահարել։

Երկու երկրների հարաբերությունները, Ռուդենկոյի փոխանցմամբ, դինամիկ զարգացել են անցած տարի, չնայած պանդեմիային, որի պատճառով ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020-ին նվազել էր 10 տոկոսով և կազմել 2,9 միլիարդ դոլար։

Հարցազրույցում Ռուդենկոն բավականին մանրամասն խոսել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի և պայմանավորվածությունների կատարման մասին։ Ռուս դիվանագետն ասել է, թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է, և պայմաններ են ստեղծվել խաղաղ կյանքի հաստատման համար։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը շեշտել է․ «Այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է, որը տեղակայված է կողմերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ռուս խաղաղապահների աջակցությամբ շուրջ 53 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, կողմերին է փոխանցվել մարտական գործողությունների ընթացքում զոհվածների շուրջ 1700 մարմին, իրականացվում է տարածքի ականազերծում»:

Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ռուդենկոն, բնականաբար, չի անդրադարձել հայ ռազմագերիների հարցին, փոխարենը անորոշ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի հարցին այն մասին, որ Բաքուն մտավախություն ունի, թե Լաչինի միջանցքով Հայաստանը Ղարաբաղ գաղտնի տեղափոխում է զինվորականներ։

«Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, որը պատասխանատու է իրեն վստահված տարածաշրջանում անվտանգության համար, միջոցներ է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացումը թույլ չտալու համար: Այդ աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան», - հարցազրույցում ասել է Անդրեյ Ռուդենկոն:

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղում չպետք է լինեն զինված ուժեր։ Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում ակտիվ խոսում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հարցազրույցում նշել է. «Հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովի արդյունքներով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով առարկայական աշխատանք է տանում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են միայն փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհի սկզբում»:

Ու թերևս ամենահետաքրքիրը Ռուդենկոյի այսօրվա հարցազրույցում Մինսկի խմբի հետագա գործունեությանը վերաբերող հատվածն է, Բաքուն, հիշեցնենք, պարբերաբար շեշտում է, թե Մինսկի խումբն այլևս անելիք չունի, և որ ղարաբաղյան խնդիրն արդեն կարգավորված է, և այն կարգավորվել է Ռուսաստանի և Թուրքիայի, այլ ոչ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ։

Ռուս դիվանագետը հարցազրույցում կրկնել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ «հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մշակած կարգավորման հիմնարար սկզբունքներն են դրվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում: Վստահ ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր խաղալ ճգնաժամի հետևանքների հաղթահարման, հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով և տևական կարգավորման ուղիների որոնման գործում»: