Ֆրանսիայի կառավարության և արհմիությունների բանակցությունների արդյունքում կողմերն ընդունել են որոշում, ըստ որի կենսաթոշակների համակարգի վիճահարույց բարեփոխումը կհետաձգվի մինչև 2021 թվականը:
Բանակցող կողմերի համոզմամբ, դա թույլ կտա ուժերը կենտրոնացնել կորոնավիրուսի համավարակից բխող տնտեսական և սոցիալական ճգնաժամը կարգավորելու վրա:
Բարեփոխումը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, անցյալ տարի այն բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում:
«Կարծում եմ` շատ կարևոր է շարունակել իշխանության և ժողովրդի երկխոսությունն այս աննախադեպ հանգամանքներում, երբ առողջապահության համակարգում դեռ ճգնաժամ է, շատ կարևոր է, որ մենք նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ և փորձում ենք լուծում գտնել»,- ասել է վարչապետ Ժան Կաստեքսը:
«Սա բխում է բարեփոխումն այս տարվա ամռանը կամ աշնանը չիրականացնելու մեր դիրքորոշումից, նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ վիճակում ենք, ինչպես կարող ենք լուծել գործազրկության և աղքատության հարցերը, մարդը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»,- ասել է Ֆրանսիայի միջին և փոքր ձեռնարկությունների արհմիության ղեկավար Ֆրանսուա Ասելինը:
Վարչապետ Կաստեքսն ընդգծել է, որ կառավարությունը չի հրաժարվում կենսաթոշակների համակարգը բարեփոխելոու գաղափարից: