Բեմադրիչ Կիրիլ Սերեբրեննիկովին պայմանական պատիժ են նշանակել

Ռուսաստանցի բեմադրիչ Կիրիլ Սերեբրեննիկովը Մեսչանսկի շրջանի դատարանում, Մոսկվա, 26 հունիսի, 2020թ.

Մոսկվայի Մեսչանսկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ մեղադրվող ռուսաստանցի անվանի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին: Արվեստագետը հերքում է մեղադրանքը:

Քիչ առաջ դատարանը հրապարակել է վճիռը, որի համաձայն, Սերեբրեննիկովը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման:

Ավելի վաղ դատախազ Միխայիլ Ռեզնիչենկոն ասել է, թե դատավարության ընթացքում ապացուցվել է Սերեբրեննիկովի և մնացած ամբաստանյալների մեղքը և բեմադրիչի համար պահանջել է 6 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալները մեղադրվում են մոտ 129 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ: Այդ գումարը հավասար է մոտ 1 միլիոն 860 հազար ԱՄՆ դոլարի:

50-ամյա բեմադրիչը և ևս երեք ամբաստանյալներ, ըստ մեղադրող կողմի, յուրացրել են 2011-14 թվականներին պետության կողմից «7-րդ ստուդիա» միավորմանը հատկացված գումարը, որը պետք է օգտագործվեր «Պլատֆորմա» ծրագիրն իրականացնելու համար:

Սերեբրեննիկովը մասնակցել է ընդդիմության կազմակերպած ակցիաներին, որոնց նպատակն էր բողոք հայտնել Ռուսաստանի հանրային և քաղաքական կյանքում Ռուսաց Ուղղափառ եկեղեցու հետզհետե աճող ազդեցության դեմ:

2017 թվականին Սերեբրեննիկովի ձերբակալությունը հայտնվել է միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում:

Բազմաթիվ երկրներում քաղաքական գործիչներ և արվեստագետներ դատապարտել են ձերբակալությունը և Ռուսաստանի իշխանություններին մեղադրել են նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանն ընդդիմացող անվանի մարդկանց հալածելու համար: