Այսօր առավոտյան Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկություններ են կատարել ռուսաստանցի հայտնի ռեժիսոր՝ Գոգոլի անվան թատերական կենտրոնի ղեկավար, ազատական հայացքների տեր Կիրիլ Սերեբրեննիկովի բնակարանում ու նրա ղեկավարած թատրոնում։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ խուզարկություններն իրականացվել են բյուջետային խոշոր գումարների յուրացման գործի շրջանակներում: Ռեժիսորին նաև տարել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Կիրիլ Սերեբրեննիկովն, իր հերթին, ասել է, թե տեղայկ չէ՝ ինչ գործի մասին է խոսքը, ոչինչ չի հասկանում ու «պարզապես շոկի մեջ է»:
Խուզարկություններին այսօր լայնորեն արձագանքել են ռուսաստանյան լրատվամիջոցները: Երկրի ազատական ընդդիմությունն այս ամենի մեջ «քաղաքական ենթատեքստ» է տեսնում։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անգամ ստիպված է եղեկ մեկնաբանել հայտնի ռեժիսորի հետ կատարվածը, ասելով, թե այդ գործում չկա «որևէ քաղաքականություն», և Կրեմլը մեկնաբանելու ոչինչ չունի: «Սա Կրեմլի գործը չէ, պետք չէ այն քաղաքականացնել, չկա նույնիսկ առիթ, որ Կրմելին տեղեկացնեն դրա մասին: Խոսքը սոսկ բյուջետային գումարներ գողանալու մասին է, ոչ թե քաղաքականության կամ ստեղծագործության»,- ասել է Պեսկովը:
Գոգոլի անվան կենտրոնի հանրային կապերի գծով տնօրեն Նիկա Գրուզդևայի խոսքով, հատուկ ծառայության աշխատակիցները թատրոնի շենք են մտել այն ժամանակ, երբ այնտեղ փորձեր էին տեղի ունենում, բոլորին հավաքել են սրահում, «վերցրել նրանց հեռախոսներն ու արգելել՝ դուրս գալ շենքից»։ Ընդ որում՝ խուզարկությանը մասնակցել են նաև Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Ռեժիսորի փաստաբան Անդրեյ Զլոտուխինը «Ազատության» ռուսական ծառայությանը հավաստիացրել է, որ գոնե այս պահին Սերեբրեննիկովը չունի ոչ մեղադրյալի, ոչ էլ կասկածյալի կարգավիճակ։
Ըստ հաղորդումների, գործն առնչվում է 2014 թվականին Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից «Յոթերորդ ստուդիա» կազմակերպությանը հատկացված35 հինգ միլիոն դոլարին: Այդ ստուդիայի հիմնադիրը Կիրիլ Սերեբրեննիկովն է:
Այսօր խուզակություններ են իրականացվել նաև «Վինզավոդ» կենտրոնում և Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի տնօրեն Սոֆիա Ապֆելբաումի բնակարանում։ Գոգոլի անվան թատրոնն ու «Վինզավոդ»-ը համարվում են ռուսաստանյան ազատական շրջանակների նախասիրած հավաքատեղիները: Կիրիլ Սերեբրեննիկովը, որը Ռուսաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մի շարք նախագծեր է իրականացնում, հաճախ է նշված կենտրոններում հանդես գալիս քննադատական հայտարարություններով:
Ռեժիսոր Վլադիմիր Միրզոևի խոսքով՝ «Սերեբրեննիկովը քննադատում է իշխանություններին և հայտնվել է այդ նույն իշխանությունների ուշադրության կենտրոնում»։ Ինչ վերաբերում է քրեական գործին, որի շրջանակներում էլ կատարվել են այսօրվա խուզարկությունները, Միրզոևն այդ մասին «տեղեկություններ չունի»: «Ռուսաստանի իշխանությունները երկրում ստեղծել են աննորմալ տնտեսական մթնոլորտ և հատուկ այնպես են արել, որ ոչ ոք չկարողնանա իրեն անվտանգ զգալ»,- հավելել է Միրզոևը: