Վարակակիր 5 զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար. խոսնակ

Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդեց, որ նոր կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս երկու մարդ, այսպիսով Հայաստանում մահացածների թիվը հասավ 3-ի։ Նրանց բոլորի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, բուժվում էին «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում, ունեին թոքաբորբ և ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ մահացողները` կին և տղամարդ 73-ամյա և 55-ամյա էին, երկուսն էլ ունեցել են թոքաբորբ երկկողմանի, նաև ուղեկցող մի շարք հիվանդություններ, օրինակ` 73-ամյա տղամարդն ունեցել է շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ քրոնիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա: 55-ամյա կինը ևս ունեցել է երկկողմանի թոքաբորբ, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, այսինքն` երկուսն էլ քրոնիկ ուղեկցող հիվանդություններ են ունեցել», - ասաց խոսնակը:

Մարտի 28-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը ավելացել է 51-ով։ Ընդհանուր առմամբ մեր երկրում կորոնավիրուսի հաստատված հիվանդության դեպքերի թիվը հասել է 424-ի։ Ապաքինվել է 30 անձ, թեստերից 2054-ը բացասական արդյունք են տվել, փաստացի բուժվում է 391 անձ։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր հաղորդեց, որ կորոնավիրուս է հաստատվել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ։

«Սա նոր դեպք չէ, նրանք ներառված են մարտի 28-ի վիճակագրության մեջ: 14 աշխատակիցները Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղից են եղել, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս պահին աշխատակիցները մեկուսացված են, իրականացվել են բոլոր կանխարգելիչ միջոցառումները», - շեշտեց Նիկողոսյանը։

Զինված ուժերում վարակակիր է 5 զինծառայող։ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը փոխանցեց՝ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Առողջապահության նախարարության մշակած քարտեզի համաձայն՝ մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերով առաջին տեղում մայրաքաղաք Երևանն է։ Այստեղ 151 դեպք կա արձանագրված։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 57 դեպքով, երրորդ տեղում՝ Արարատի մարզը` 56 դեպքով։ Արմավիրի մարզում արձանագրվել է վարակի 52 դեպք։ Շիրակի մարզում 5 դեպք կա, Արագածոտնում՝ 4, իսկ Լոռիում և Սյունիքում՝ երկուական։

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ պետք է այս մի շաբաթը հնարավորինս խիստ պահպանել պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կանխվի կորոնավիրուսի տարածումը. - «Հիմա իրավիճակը Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված գիտեք, որ բավականին լարված է, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել` դեռևս իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մի շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և իհարկե մեր առողջապահական համակարգը անհաղթահարելի, անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք: Իհարկե, պարզ է, որ սա որոշակի տնտեսական վնասներ է բերում, բայց տնտեսական վնասները կաշխատենք, կվերականգնենք, վերականգնելի է: Կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք մեր ավագ սերնդի մեր հայրենակիցների առողջությունը, կյանքը պահպանելու համար»:

Պարետ Տիգրան Ավինյանն էլ կարճ հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով տանը մնալու համար։

Մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունն առավել խստացվեց մարտի 24-ին՝ սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմում պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց՝ չի բացառվում, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրության սահմանափակումները, մասնավորապես, քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող մեկշաբաթյա արգելքը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով:

Ոստիկանությունն իր հերթին տեղեկացնում է, որ այսօր` ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ընդհանուր առմամբ, պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը 2620 անձի նկատմամբ է նման արձանագրություն կազմվել, ընդ որում, մայրաքաղաքում՝ 1357 քաղաքացու, մարզերում՝ 1263 քաղաքացու նկատմամբ։ Մարտի 29-ին` ժամը 9-ից 15-ը, Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք: Ընդհանուր առմամբ՝ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց սկսած մինչև մարտի 29-ի ժամը 15-ը հայտնաբերվել է 2107 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 50 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։