Կորոնավիրուսը ԵՄ անդամ երկրներին ստիպում է պայքարի լուրջ միջոցներ ձեռնարկել

Միլանի հանրահայտ Դուոմո գլխավոր հրապարակը գրեթե դատարկ է, Իտալիա, 10 մարտի, 2020թ.

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 120 հազարին, աճում են մահվան դեպքերը, բայց և ավելանում է ապաքինվածների թիվը: Եվրամիությունը (ԵՄ) համաճարակի դեմ պայքարի համար 25 միլիարդ եվրոյի ներդրումային հիմնադրամ է ստեղծում:

Անդամ երկրներից Իտալիայում իրավիճակը շարունակում է մնալ ծանր, այստեղ 10 հազար մարդ վարակված է, ավելի քան 600-ը մահացել են, մահաբեր վարակով հիվանդների թիվն ավելացել է գրեթե հազարով ընդամենը մեկ օրվա ընթացքում, իսկ միայն երեկ վարակը 168 մարդու կյանք է խլել:

Երեքշաբթի օրը Իտալիայում կորոնավիրուսի ախտանիշով հոսպիտալացվել է մոտ 5000 մարդ, նրանցից շուրջ 900-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Իշխանություններն աննախադեպ քայլեր են ձեռնարկել վարակի տարածումը կանխելու և մահվան դեպքերը նվազեցնելու համար: Նրանք հորդորում են բնակիչներին ոչ միայն չճամփորդել, այլև չլքել սեփական բնակարանները: Երկրի մի շարք քաղաքներ՝ երբեմնի զբոսաշրջային կենտրոններից Միլանը, Հռոմը, Վենետիկը, ինքնամեկուսացվել են. մշտապես մարդաշատ այս վայրերը այսօր ուրվականների քաղաք են հիշեցնում՝ դատարկ ու լուռ փողոցներով:

Իտալիայից հետո կորոնավիրուսը ակտիվորեն տարածվում է Ֆրանսիայում: Այստեղ վարակվածների թիվը հասել է 1784-ի, մահացել է 33 մարդ։ Այսօր առավոտյան «Փարիզիեն» պարբերականը հայտնել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ֆրանսիայի նախագահի քարտուղարության ղեկավարի մոտ: Նախագահ Էմանյուել Մակրոնը քաղաքացիներին հորդորել է իրատես լինել և նախազգուշացրել է, որ համաճարակը նոր է սկսվում: Ելիսեյան պալատի ղեկավարը շեշտել է, որ վարակի զարգացման վերաբերյալ թափանցիկ տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հանրային հանգստությամբ:

Եվրամիության երկրներից Չեխիայում, որտեղ հաստատվել է ընդհանուր առմամբ 63 դեպք, կառավարությունը փակել է բոլոր ուսումնական հաստատությունները և արգելել հարյուրից ավելի մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները:

Ուսումնական պարապմունքները չեղարկվել են նաև Հունաստանում, Լեհաստանում: Այստեղ կորոնավիրուս է հայտնաբերվել գեներալ Յարոսլավ Միկիի մոտ, ով վերադարձել է Գերմանիայից, որտեղ հանդիպել էր ՆԱՏՕ-ի երկրների բանակների հրամանատարության ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի վեց շրջաններում երեկվա դրությամբ հայտնաբերվել են 200 նոր դեպքեր: Վարակվածների ընդհանուր թիվը 1139 է, նրանցից երեք հոգի մահացել են, երեք զոհերն էլ 70-ից բարձր տարիքի էին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վկայակոչելով մասնագետների կանխատեսումները, հայտարարել է, թե կորոնավիրուսով կարող է վարակվել երկրի բնակիչների 60-70 տոկոսը:

«Խոսքը վարակի մասին է, որը մեզ անծանոթ է, որի դեմ մենք պատվաստանյութ չունենք, որի համար մենք նաև համբերություն չունենք»,- ասել է Մերկելը, ով, հիշեցնենք, պաշտոնական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում ձեռքսեղմումը փոխարինել է ժպիտով:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է առողջապահության նախարար Նադին Դորիսը, նրանից բացի, Թագավորությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության շուրջ 380 դեպք, մահացել է 6 մարդ:

Կորոնավիրուսի օջախ Չինաստանից վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ դրական լուրեր են ստացվում: Հուբեյ նահանգում զգալիորեն կրճատվել է նոր դեպքերի թիվը, իշխանությունները մեղմացրել են կարանտինի ռեժիմը: Նահանգը թեև շարունակում է փակ մնալ, բայց ներսում վերացվել են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: