Ընդդիմությունը դժգոհում է՝ վեթինգը չի իրականացվում, իշխանությունից հակադարձում են

Իշխանությունը չի իրականացնում դատական համակարգում խոստացված վեթինգը, սա էր այսօր հնչող հիմնական քննադատությունը Դատական օրենսգրքում լայնածավալ փոփոխությունների նախագծի առաջին ընթերցման ժամանակ: Այս քննադատությունը հնչեցնողը հիմնականում «Լուսավոր Հայաստանն» էր և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Տպավորություն է, որ ինչ-որ իմաստով սա սաբոտաժ է, եթե ոչ, ուրեմն անփութություն: 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վեթինգի մասին, դրան հաջորդեցին մեր երկրում արդարադատությունը բռնաբարած մի քանի քաղաքական, այսպես կոչված, պսևդո գործիչների իրար հերթ չտվող հարցազրույցները, ֆորումները, և միանգամից հետ կանգնեցիք», - ասաց պատգամավորը:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն ընդգծեց. - «Դուք հայտարարեցիք Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով, որ Հայաստանում իրականացնելու եք դատական համակարգի վեթինգ: Ի՞նչ էր դա ըստ էության նշանակում: Դա նշանակում էր, որ պետք է ստուգվի դատավորների գույքը, պետք է ստուգվեն նրանց քաղաքական կապերը, պետք է հեռացվեն այն դատավորներն, ովքեր այս տարիների ընթացքում կոպտորեն խախտել են մարդու իրավունքները: Բայց այսօր մենք այն իրողությանն ենք ականատես լինում, որ դուք խախտել եք այդ պայմանը և չեք իրականացնում վեթինգ»:

Ուշագրավ է, որ այս տեսակետը կիսող կար նաև իշխող «Իմ քայլը» խմբակցությունում. Նիկոլայ Բաղդասարյանը պատկերավոր օրինակ բերեց. - «Եթե մենք այս բաժակը պղտոր ջրով լցնենք, այնուհետև փորձենք մաքուր, ինչքան էլ ուզում եք բյուրեղ ջուր լցնել, այդ բաժակը չի բյուրեղանա: Մենք ասում ենք՝ այս բաժակի պղտոր ջուրը բերեք, զտենք, այնուհետև նոր մաքուր ջուր լցնենք»:

Այս քննադատությունից բացի, «Լուսավոր Հայաստանը» կարծում է՝ նոր համակարգը չի ապահովի անկախ դատարաններ:

«Դուք ընտրել եք այն տարբերակը, որի շրջանակներում դատավորներն ըստ էության ավելի շատ կախվածություն պետք է ունենան այս կարգավորումներից, որովհետև դուք կարգավորումներ եք սահմանում, որոնք իրավական անորոշություն ունեն, և այդ անորոշությունը որոշողը՝ որոշակի է, թե չէ, մի քանի պետական մարմիններն են՝ Բարձրագույն դատական խորհուրդ, Էթիկայի հանձնաժողով և այլն», - ասաց ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է՝ այս մեղադրանքն անհիմն է. - «Պարոն Մարուքյանն ասում էր ու պարոն Սիմոնյանը, որ սա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է, և պետական մարմիններից կախվածության մեջ են լինելու անկախ դատավորները, ո՞ր մարմնից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնությունը կազմում են դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի՞ց, որտեղ 5 դատավոր անդամ կա և 5 իրավաբան գիտնական, և սահմանադրական մարմին է»:

Ինչ վերաբերում է վեթինգին, Բադասյանն ասաց՝ ավելի ռադիկալ քայլեր ներառող օրենսդրության համար Սահմանադրությանը չհակասող առաջարկների է սպասում. - «Բերեք առաջինից երկրորդ ընթերցմամբ ձեր այն տարբերակը, որն ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները, մենք անպայման կընդունենք, բայց մի պայման կա՝ Սահմանադրությանը հակասող չպիտի լինի», - հորդորեց նախարարը:

«Բարգավաճ Հայաստանն» իր քննադատության մեջ շեշտադրում էր օրենսդրական փաթեթի այն կետը, որի համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվում է 25-ի:

«Բա 25 տարեկան երիտասարդին մենք թույլ տանք՝ մարդու ճակատագիր որոշի՞: Նա կարող է լինել շատ պարկեշտ երիտասարդ, շատ բանիմաց, գիտակից, բայց մարդկային ճակատագրեր որոշելու գործառույթը եկեք չթողնենք նրանց», - նշեց ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը:

Իշխող «Իմ քայլից» հակադարձում են՝ փորձի բացակայությունը Հայաստանի պարագայում կարող է անգամ դրական լինել:

«Ես կարծում եմ՝ նրանց փորձի բացակայությունը նաև փորձանքի բացակայություն է լինելու», - նկատեց Մարիա Կարապետյանը: Նույն խմբակցությունից Հովհաննես Իգիթյանն էլ հավելեց. - «Ի՞նչ է նշանակում մասնագիտական փորձ, գիտեք, այստեղ դա նման է այն բանին, որ եթե վարորդի կողքը նստած մարդը 10 տարի նստել է վարորդի կողքը, ինքն ունի մեքենա վարելու 10 տարվա փորձ, որովհետև ամենակարևորը դատավորը ինչ փորձ էլ ունենա, ինքը չունի դատավորի փորձ, և այստեղ հարցն այն չէ՝ ինքը 25 տարեկան է, 40, թե 60, ինքն իր փորձը հենց նշանակելուց հետո կսկսի ունենալ, իսկ մենք ավելի շատ պետք է խոսենք, իհարկե, կրթության մասին»: