Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին, Երևան, 31-ը հոկտեմբերի, 2018թ․

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել աջակցել երկրում դատական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված բարեփոխումներին

«Ես տեղեկացել եմ Ձեր վերջին՝ դատական համակարգում արմատական բարեփոխումներ անելու, այդ թվում՝ վեթինգ իրականացնելու կոչի մասին: Դուք ափսոսանքով ասում եք, որ դատարանները չեն վայելում հասարակության վստահություն, և համարում եք, որ կոռումպացված դատավորները պետք է հեռացվեն կամ հրաժարական տան: Ժողովրդավարական երկրում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահություն անշուշտ շատ կարևոր հանգամանք է, և ես գիտեմ, որ դատարանները, ցավոք, նման վստահություն չեն վայելում Հայաստանում», - ասված է նամակում, որը «Ազատությանն» է տրամադրել Եվրախորհրդի մամուլի քարտուղարը:

«Վենետիկի հանձնաժողովը արդեն ընդունել է և աջակցել է բովանդակային բարեփոխումներին և անգամ վեթինգի գործընթացներին նման իրավիճակում գտնվող այլ եվրոպական երկրներում», - նշում է Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը՝ շարունակելով․ - «Ես պետք է շեշտեմ՝ Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ դատական բարեփոխումները պետք է մշակվեն ու իրականացվեն իրավական միջոցներով՝ համաձայն Սահմանադրության և հաշվի առնելով օրենքի գերակայության ու մարդու իրավունքների հարգման եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրում ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, եթե միայն այդ չափանիշները հարգվում են»:

«Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել Ձեզ՝ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված բարեփոխումների մշակման հարցում՝ պայմանով, որ հարգվեն Հայաստանի Սահմանադրությունը և միջազգային համապատասխան չափանիշները», - Նիկոլ Փաշինյանին գրում է Ջիանի Բուքիքիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG