Խանումյան. Արցախում ընտրակաշառք է բաժանվում, և Բակո Սահակյանը չի խոչընդոտում

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ «Ազատության» զրուցակիցն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

Խանումյան. - Մենք առաջարկում ենք իրական փոփոխություններ. առաջինը՝ պայքար կոռուպցիայի դեմ, համակարգային կոռուպցիայի դեմ, համակարգային կոռուպցիան ընդհանրապես մեր հաշվարկներով տանում է Արցախի բյուջեի 30 տոկոսը։ Մենք կարող ենք ունենալ Արցախի բյուջե 30 տոկոս ավելի, եթե այն կոռուպցիոն մեխանիզմները, որ այսօր կան, վերացվեն։

«Ազատություն». – Որքա՞ն է կազմում տարեկան պետական բյուջեն։

Խանումյան. – 120 միլիարդ, դա 36 միլիարդ դրամի կարգի գումար է, ոչ միայն գողացվում է, այլև անարդյունավետ է ծախսվում, մի մասն էլ գողացվում է։

«Ազատություն». – Ինչպիսի՞ իրավիճակ է, ինչպիսի՞ մթնոլորտ է երկրում ընտրություններին ընդառաջ, Դուք կարողանո՞ւմ եք ազատորեն Ձեր կարծիքը տեղ հասցնել հանրությանը, Դուք ենթարկվո՞ւմ եք ճնշումների։

Խանումյան. – Չէ, տենց խնդիր չկա, 15 թվականի մթնոլորտն այլևս չկա, հանդիպումները հանգիստ անցկացնում ենք։ Գլխավոր մարտահրավերը մնում է ընտրակաշառքը, ընտրողներին տարբեր ձևերով շահագրգռելը, որը հիմնականում տեղի է ունենում «Ազատ Հայրենիք» կուսակցությունում և Արայիկ Հարությունյանի կողմից՝ տարբեր հիմնադրամների միջոցով, անձամբ իր միջոցով, երբ որ գնում է ինչ-որ համայնքներ և ասում է, որ «տեսեք, ձեր համայնքային կենտրոնի շինարարության համար կամ հանդիսությունների տան շինարարության համար կտամ 18 միլիոն դրամ կամ 20 միլիոն դրամ» և այլն, երբ որ հսկայական, մեծ չափով անձնակազմեր են պահում, չգրանցված աշխատողներ և ամսական գումարներ են փոխանցում։ Սովորաբար այսպես է վիճակը՝ գտնել ամեն գյուղի, ամեն փոքր քաղաքի խոշոր ցեղերին, նրանցից մարդիկ գտնել և ինչ-որ ձևերով կաշառել, որպեսզի այդ ընտանիքները, այդ ազգերը գնան և իրենց ձայն տան։

«Ազատություն». – Երբ որ Դուք ասում եք, որ այդ ամենի հետևում կանգնած է Արայիկ Հարությունյանը, ի՞նչ հիմնադրամների մասին է խոսքը, ինքը, Ձեր կարծիքով, Ձեր պնդմամբ, անձնական գրպանի՞ց է այդ միջոցները հատկացնում, մի փոքր մեխանիզմը մանրամասնեք։

Խանումյան. – Տարբեր են այդ գումարները՝ թե՛ անձնական, թե՛ ներգրավված։ Ենթադրենք ունի բիզնեսի զարգացման հիմնադրամում, իր կուսակիցներն են։

«Ազատություն». – Պետակա՞ն է։

Խանումյան. – Ոչ, ինքն է ստեղծել վերջերս, իր կուսակիցներն են խորհրդի մեջ և այլն, որոնք վարկեր են առաջարկում տարբեր մարդկանց, դա է օգտագործում, օրինակ, որպես լծակ։

«Ազատություն». – Այսինքն գումար չի՞ բաժանվում։

Խանումյան. – Նաև գումար են բաժանում։ Ենթադրենք կա «Արարիչ» հիմնադրամ, որը արդեն մեկ տարուց ավելի է կազմակերպում է տարբեր էքսկուրսիաներ հազարավոր մարդկանց դեպի Սև ծովի ափեր, դեպի Երևան, Դիլիջան և այլն, ու որտեղ ակնհայտորեն գնում է Արայիկ Հարությունյանի քարոզչությունը, և որտեղ նաև մուծումներ են անում «Ղարաբաղ տելեկոմի» պես ընկերություններ։

«Ազատություն». – Դուք բարձրաձայնում եք այս ամենի մասին, պետական մարմիններն ի՞նչ են ձեռնարկում այս ամենի հետ կապված։

Խանումյան. – Պետական մարմինները ցուցաբերում են կատարյալ անգործություն այս հարցում։

«Ազատություն». – Դուք կարծում եք՝ հետևաբար, Բակո Սահակյանը նո՞ւյնպես այս ամենի հետևում է կանգնած։

Խանումյան. – Այո, ես կարծում եմ, որ առնվազն չեն խանգարում և հստակ դրանով իսկ աջակցում են Արայիկ Հարությունյանին և, բնականաբար, ունեն որոշակի պայմանավորվածություններ դրա դիմաց։ Հայաստանյան իշխանությունները, բնականաբար, հայտարարեցին, որ իրենք թողնելու են ժողովրդի ընտրությանը, և իրենք նախընտրած թեկնածու չունեն, դրանով հանդերձ նաև արբիտրի դերակատարություն չստանձնեցին։

Օրինակ՝ եթե արբիտրի դերակատարություն ստանձնեին, այս կաշառքները և այլն կվերահսկվեր և տեղի չէին ունենա, որովհետև հայաստանյան իշխանություններն ունեն համապատասխան թե՛ տեխնիկական միջոցները, թե՛ ազդեցության տարբեր լծակները այդ ամենը թույլ չտալու համար։ Հետևաբար մնում է Հայաստանի իշխանություններին իրականացնել ընդամենը դիտորդական առաքելություն ինչ-որ հասարակական կազմակերպությունների միջոցով քվեարկության ընթացքը վերահսկելու համար։ Եվ այդ առումով արցախյան հասարակության մեջ, հատկապես նրա պայքարող ակտիվ մասի մոտ մեծ հիասթափություն կա Հայաստանի Հանրապետության վարած այդ քաղաքականությունից։