ՀՀԿ-ն դատապարտում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը», ասված է կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում։

Երեկ երեկոյան տարածած հայտարարությունում նախկին իշխող կուսակցությունը պնդում է, որ «սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո այն կատարում է իր առաքելությունը և այլևս փոփոխության ենթարկվել չի կարող»։

«Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015 թվականից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ», - ասված է հայտարարությունում։

Հանրապետականը պնդում է, որ «տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին», և որ «առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են»:

ՀՀԿ-ն արձանագրում է, որ «նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք», «պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ», «հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»։

Ազգային ժողովը հինգշաբթի օրը նախ չընդունեց Սահմանադրությունում փոփոխության նախագիծը, ապա քվեարկեց այն հանրաքվեի դնելու որոշման օգտին։

Տե՛ս նաև այստեղ