Ռոհանիի հավաստմամբ՝ Իրանն այժմ ավելի շատ ուրան է հարստացնում, քան 2015-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, Թեհրան, 15-ը հունվարի, 2020թ.

Իրանի նախագահը հայտարարել է, թե երկիրը հիմա ավելի շատ ուրան է հարստացնում, քան 2015 թվականին, երբ գերտերությունների հետ գործարք էր կնքել միջուկային ծրագիրը սահմանափակելու մասին:

«Իրանի հանդեպ ճնշումները մեծացել են, սակայն մենք շարունակում ենք առաջընթաց արձանագրել», - հեռուստատեսային ելույթում պնդել է Հասան Ռոհանին:

Ավելի վաղ, արձագանքելով ԱՄՆ պատժամիջոցներին, Թեհրանը հրաժարվել էր պայմանագրով ստանձնած պարտավորություններից, որն Իրանի հետ ստորագրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները:

Վաշինգտոնը նախանցած տարի միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե այն մի շարք լուրջ թերություններ ունի, պահանջելով վերստին բանակցել՝ դրանք շտկելու շուրջ։