Կոնգրեսում այսօր ցուցմունքներով հանդես կգա Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլոր, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում շարունակվում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի հիմքերի ուսումնասիրությունը: Այսօր կոնգրեսական երեք հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստի ընթացքում ցուցմունքներով հանդես կգա Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը:

Փորձառու ամերիկացի դիվանագետը Կիևում ամերիկյան դեսպանության ղեկավարումը ստանձնեց Մարի Յովանովիչի վաղաժամ հետկանչից հետո: Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Թեյլորը պետք է բացատրություններ տա նախագահներ Թրամփի և Զելենսկու հուլիսի 25-ի հեռախոսազրույցին հաջորդած իրադարձությունների, մասնավորաբար՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օժանդակության կրճատման վերաբերյալ: