Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում կոշտ արձագանքեց Նժդեհի մասին Ալիևի մեկնաբանությանը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ շատ խիստ և սուր արձագանքեց Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը:

Եթե անցած տարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՊՀ հավաքներն օգտագործում էին ոչ ֆորմալ շփման համար, այսօր Աշխաբադում Ադրբեջանի նախագահն առիթը բաց չթողեց Հայաստանի նախկին և ներկայիս իշխանություններին քննադատելու համար, ընդ որում՝ քննադատության թեման շատ զգայուն է Ռուսաստանի համար:

Այսպես, Ալիևն իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, և այն այսօր էլ իր տեղում է: Սա Ադրբեջանի նախագահը «ցինիկ քայլ» անվանեց:

Նույն նիստին Փաշինյանը կոշտ արձագանքեց Ալիևին: «Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նո՞ւյնպես ես եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ», - մասնավորապես ասաց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նաև, ըստ էության, Նժդեհին համեմատեց Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինի հետ՝ ասելով․ - «Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»։