Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը ժամանել է Թուրքմենստան, հանդիպել երկրի նախագահի հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք, որտեղ այսօր մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։

Այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: «Քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր», - հանդիպման մասին գրել է Հայաստանի վարչապետը Ֆեյսբուքում:

Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Փաշինյանը նլել է, մասնավորապես, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

Աշխաբադում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

XS
SM
MD
LG