Երևանում աշխատանքներն սկսեց ԵԱՏՄ գագաթնաժողովը

Երևանում` նախագահական նստավայրում աշխատանքներն սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 7 պետությունների առաջնորդներ:

Երեկ Երևան էին ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ Հայաստանում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որպես հրավիրյալներ այստեղ են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Վերջինը Երևան ժամանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրերին ընդունեց նախագահական նստավայրի դռների մոտ:

Երբ երկրների առաջնորդները ժամանեցին Հայաստանի նախագահի նստավայր, կարճ զրույց ունեցան, այնուհետև դուրս եկան՝ խմբակային լուսանկարման համար, և երբ վերադառնում էին նստավայր, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը մոտեցավ, հարց ուղղեց Պուտինին, թե ե՞րբ է Ռուսաստանը պատրաստվում զորքերը դուրս բերել Վրաստանի օկուպացված տարածքներից, և ե՞րբ է Ռուսաստանը պահելու իր խոստումը: «Մենք միշտ պահում ենք մեր խոստումը», - արձագանքեց Ռուսաստանի նախագահը: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լրագրողին այլ հարցեր ուղղել և հրելով մի կողմ տարան:

Նիստի բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, մասնավորապես, թե երևանյան նիստը բացառիկ է այն առումով, որ մասնակցում են Իրանի և Սինգապուրի ղեկավարները, և, փաստորեն, միությունն ընդլայնում է այլ երկրների հետ համագործակցությունը: