Մատչելիության հղումներ

Բելառուսը մեր շատ կարևոր գործընկերն է, մենք շատ արգասաբեր աշխատում ենք. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Նիկոլ Փաշինյանը նշել է. « Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում եմ՝ այն շատ կարևոր նիստ է, որովհետև հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում: Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ-ի գրավչությունը և ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի»:

Փաշինյանն ընդգծել է, որ Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարևոր գործընկերը, և մենք շատ արգասաբեր աշխատում ենք և հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը «գնալով առավել արգասաբեր կդառնա»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է. «Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել և որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետև մեր տնտեսությունները նման են, և չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որևէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաև մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը և մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը»:

Բելառուսի նախագահը նշել է, որ եթե անգամ Հայաստանը հրաժարվի իրենց հետ համագործակցելուց «մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել»:

«Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի:

Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են:

Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, միգուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Լուկաշենկոյին լավ խոսքերի համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերություններում մութ անկյուններ չլինեն, և մենք միշտ բաց բոլոր հարցերը քննարկում ենք: Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, և ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը և եղբայրությունը զարգանան և գնալով ավելի ու ավելի ջերմանան: Ես դրանում վստահ եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG