Մատչելիության հղումներ

Լի Սյեն Լուն․ ԵԱՏՄ-ում Հայաստանը Սինգապուրի առանցքային գործընկերն է


Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ստորագրվելու են համապարփակ տնտեսական համագործակցության և ազատ առևտրի մասին համաձայնագրեր, բացի այդ՝ Հայաստանի և Սինգապուրի միջև կնքվելու է ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:

Այս մասին հայտնի դարձավ այսօր Երևանում Հայաստանի ու Սինգապուրի վարչապետերի համատեղ ասուլիսի արդյունքում:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, ով ավելի քան 15 տարի արդեն ղեկավարում է այդ երկիրը, երեկ երեկոյան է ժամանել Հայաստան: Այսօր նա բանակցություններ է վարել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում։ Մենք, որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ և Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք, որ այս կարևոր իրավապայմանագրային հենքի ստեղծումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում մեր երկրների համագործակցության աշխուժացմանը», - իր խոսքում, մասնավորապես, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ինչպես իր խոսքում նշեց Լի Սյեն Լունը, համաձայնագրերի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի և անցել են յոթ փուլով:

Փաշինյանը հիշեցրեց՝ այս տարի երկու պետությունների ներկայացուցիչների ունեցած հանդիպումները, ինչը, ըստ վարչապետի, գերազանց դաշտ է ստեղծել Հայաստանի ու Սինգապուրի միջև հարաբերությունների զարգացման համար:

Հայաստանի վարչապետը Սինգապուրում էր այս տարվա հուլիսին:

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ այցի ընթացքում Սինգապուրի հետ ստորագրված մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին հուշագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս։ Հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում կազմակերպել Հայաստանի օրեր, որոնք կնշանավորվեն մի շարք մշակութային միջոցառումներով։ Վստահ եմ, որ դա կնպաստի ինչպես մեր բարեկամ բարեկամ ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացմանը, մարդկային շփումների խրախուսմանը, այնպես էլ զբոսաշրջության և տնտեսական գործունեության ակտիվացմանը», - ասաց վարչապետ Փաշինյանը։

Հայաստանի ու Սինգապուրի երկկողմ առևտրաշրջանառությունը կարելի է համեստ որակել․ Հայաստանի Վրիճակագրական կոմիտեի համաձայն, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է 2 միլիոն 784 հազար դոլար, որից 679 հազարը եղել է հայաստանյան արտահանումը Սինգապուր:

Փոխարենը, Հայաստանը, հայերը Սինգապուրում հայտնի են արդեն մի քանի դար․ կղզի պետության ամենահին եկեղեցին հայկական է, Սինգապուրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ սինգապուրյան խոլորձի ստեղծողը հայուհի՝ 19-րդ դարում Սինգապուրում բնակվող Աշխեն Հովակիմյանը, ում անունով էլ ծաղիկը ոչ պաշտոնապես կոչվում է Miss Agnes Joaquim:

«Մեր երկու երկրների միջև կապերը ջերմ են և սկիզբ են առնում 19-րդ դարից: Սինգապուրում գործում է փոքր, սակայն կենսունակ հայ համայնք, որ նշանակալից ներդրում է ունեցել մեր հանրությունում: Մենք ունենք նաև հայկական փողոց և հայկական եկեղեցի, որը մեր հնագույն եկեղեցին է, հանդիսանում է մեր ազգային կոթողներից և գտնվում է մեր պահպանության ներքո: Անգամ մեր ազգային ծաղիկը՝ Vanda Miss Joaquim-ը, ստեղծել է տիկին Ագնես Հոակիմը, ով ծնվել էր Սինգապուրում, սակայն ծագումով հայ էր», - մանրամասնեց Լի Սյեն Լուն։

Անդրադառնալով երեքշաբթի Երևանում ստորագրվելիք համաձայնագրերին՝ Սինգապուրի վարչապետը նշեց, որ այն կարող է ճանապարհ հարթել Եվրասիական տնտեսական միության և ASEAN-ի՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջև համագործակցության համար: Սինգապուրը ASEAN-ի երկրներից է:

«Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը Սինգապուրի համախոհն է ու առանցքային գործնկերը», - հայտարարեց Լի Սյեն Լուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG