Սաակաշվիլին խոստանում է Վրաստան վերադառնալ առաջիկա ամիսներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տալիս «Մթավարի Արխի» հեռուստաընկերությանը, 30-ը սեպտեմբերի, 2019թ․

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայում բնակվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ Վրաստան կվերադառնա մինչև 2020 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Առաջիկա ամիսներին ես ծրագրում եմ վերադառնալ Վրաստան: Թաքցնելու որևէ բան ասյտեղ չկա: Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայցևայնպես մենք մեր հայրենիքն ենք կորցնում», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը «Մթավարի Արխի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հավելելով, որ չի վախենում ձերբակալությունից:

«Կձերբակալեն ինձ թե ոչ` վրաց ժողովրդից է կախված: Ես բանտից Ուկրաինայում չեմ վախեցել, առավել ևս չեմ վախենում իմ երկրի բանտից: Իշխանությունները այնքան թույլ են, որ չեն դիմադրի վրաց ժողովրդին», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: