Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց


Նիդերլանդներ - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հաագայում, մայիս, 2018թ․
Նիդերլանդներ - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հաագայում, մայիս, 2018թ․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիքում հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման գործով:

Ավելի վաղ նույն գործով մեղավոր են ճանաչվել նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և ՆԳՆ դեպարտամենտի ղեկավար Իրակլի Կոդուան:

Ըստ քննչական մարմնի՝ 2005 թվականին ոստիկանությունը Թբիլիսիում կանգնեցրել է նախկին պատգամավորին, հանել նրան մեքենայից և ծեծի ենթարկել: Ինքը Գելաշվիլին հայտարարել է, որ իր վրա հարձակումը կազմակերպել է անձամբ Սաակաշվիլին:

Այս տարվա հունվարին Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին երեք տարվա ազատազրկման է դատապարտել ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Դատավճիռը կայացվել է թբիլիսյան բանկերից մեկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի գործով: 2006 թվականին ոստիկանները Գիրգվլիանիին առևանգել էին, տարել քաղաքից ոչ հեռու գտնվող անտառներից մեկն ու ծեծի ենթարկել: Նրան հաջողվել էր փախուստի դիմել, սակայն մոլորվել էր մթության մեջ և ընկնելով ձորակը՝ ստացած ծանր վերքերի հետևանքով մահացել: Տվյալ գործով մի խումբ ոստիկաններ ազատազրկման են դատապարտվել, սակայն Գիրգվլիանիի հարազատներն ու ընդդիմությունը պնդում են, որ առևանգումը կազմակերպվել էր ներքին գործերի նախարարության բարձր ղեկավարության հրամանով:

Ուկրաինայից վտարված և այժմ Եվրամիության տարածքում գտնվող Սաակաշվիլիի դեմ Վրաստանում հարուցվել են մի քանի քրեական գործեր: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշման, բյուջետային փողերի մսխման և ցույցեր ցրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG