Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է․ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում

Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

ՀՔԾ հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիոն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար»:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, «Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 2015 թվականի մայիսի 11-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500 հազար ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015 թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96 միլիոն ՀՀ դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլարը և 143 միլիոն 700 հազար ՀՀ դրամին համարժեք 300 հազար ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին»:

Բացի այդ, շարունակում է ՀՔԾ-ն, «Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 2015 թվականի մայիսի 23-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329 միլիոն 130 հազար ՀՀ դրամին համարժեք 690 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին»:

«Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568 միլիոն 830 հազար ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Միհրան Պողոսյանին հանձնելու՝ Հայաստանի դատախազության միջնորդության բավարարումը, հիշեցնենք, Ռուսաստանի դատախազությունը հնարավոր չի համարել: