Հրշեջ-փրկարարների աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան

Հրշեջ մեքենաներ, արխիվ

Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձերը կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Փաշինյանը գրել է՝ աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:

Երեկ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրված գործակարգապահական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր՝ հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի փրկարարների աշխատավարձը բարձրանա։

«Ես 100 տոկոսով գոհ եմ այսօր շարքային անձնակազմի աշխատավարձից։ Ամեն ինչ անելու եմ, որ աշխատավարձը բարձրանա», - նշեց Ցոլակյանը։

Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կազմում է՝ 80-90 հազար դրամ, յուրաքանչյուր 4 ամիսը մեկ ստանում են նաև պարգևավճարներ։

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցությանը հայտարարել է նաև՝ հրդեհային իրավիճակներում ցանկացած պարագայում առաջին գործը մարդկանց տարհանումը պետք է լինի։

«Մի ծառի, 5 ծառի համար մի զոհ չարժի տալ, 50 ծառի համար էլ չարժի, չգիտեմ ինչի համար էլ չարժի։ Մարդուն առաջինը փրկեք, հետո նոր մնացածի մասին մտածեք», - ասաց Ցոլակյանը։

Օրեր առաջ «Մալաթիա մոլ»-ում տեղի ունեցած հրդեհի ժամանակ քաղաքացիները ազատորեն ելումուտ էին անում այրվող շենքի տարածքում՝ հեռացնելով մոլում գտնվող գույքը։ Քաղաքացիները չէին լքում տարածքը նաև այն ժամանակ, երբ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ էին իրականացնում: Դա, ըստ փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանի, ով ղեկավարում էր փրկարարների աշխատանքը միայն խոչընդոտել է հրշեջ-փրկարարների աշխատանքին։

«Առաջին հերթին մենք փրկում ենք մարդկանց կյանքն ու առողջությունը, հետո նոր գույքը, հետո նոր շիջման աշխատանքներ ենք իրականացնում։ Հիմա այս պարագայում դա խոչընդոտ հանդիսացավ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, այդ մարդկային գործոնը, որը չթողեց հրշեջ-փրկարաներին մարտական բացազատում իրականացնել մարտական տեղամասերում, որտեղ նշանակվել էր ղեկավարի կողմից։ Հիմնականում երկար տևեց ինչի՞ համար, որ սկզբնական շրջանում շատ էին մարդիկ խանգարում, մուտքերն էին փակում, ելքերն էին փակում, այնտեղից չէին կարողանում ծխի, կրակի միջից մենք ինքներս տարհանեինք մարդկանց բանվորներին, քանի որ նրանք ամեն ինչ թողած ուզեցել են իրենց աշխատատեղերից գույք հանել դուրս։ Միայն խանգարում էին», - նշեց Ոսկանյանը։

«Ազատության» հարցին՝ իրենք չեն հորդորե՞լ, որպեսզի նրանք դուրս գան տարածքից, Ոսկանյանը պատասխանեց. «Մենք հորդորում էինք, մեզ չէին ենթարկվում, այդ պատճառով ոստիկանական խմբերը եկան և մեզ օգնեցին»։

«Ցանկացած պարագայում, ես նորից կոչ եմ անում անում մեր ազգաբնակչությանը նմանատիպ դեպքերում ոչ մի անգամ չխանգարել, ամեն մի վայրկյանը, ամեն մի րոպեն թանկ են մեր բնակիչների համար։ Հրդեհաշիջման ժամանակ չի կարելի խանգարել», - ասաց փրկարար ծառայության գնդապետը։

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձել է նաև ԱԻՆ-ի որոշ աշխատակիցների թերացումներին։ Ասաց՝ վերլուծություն պետք է արվի, թե որ կառույցը, որ կազմակերպությունը, որ ստորաբաժանումը իր գործառույթները նորմալ չի կատարել։ «Եթե որևէ մեկն իր գործը չի կատարում, պետք է թողնի ու գնա իրենց տուն», - ընդգծեց նախարարը։

«Սպիտակ սառոչկով հերիք է երևալ պաժառի տեղը։ Ի՞նչ է նշանակում սպիտակ վերնաշապիկով գնացել-կանգնել եք, էն մեկը վառվում է կրակի մեջ, էն մեկը սպիտակ սառոչկով կանգնել հրահանգներ է տալիս։ էդ ո՞վ է էդ, ո՞վ են դրանք, ի՞նչ են անում, դրանց գործը ո՞րն է։ Տեղերք կան մեջները, որ իրանց աշխատողին չեն թողնում առաջից գնա, իրանք են առաջից գնում, ես ուզում եմ էդ առաջից գնացողների անուններն իմանալ, և նրանց, որոնք որ ընհանրապես կողքի կանգնած նայում են, ձեռքները ջեբը դրած։ Այ սրանց անունները տվեք ինձ», - նշեց Ցոլակյանը։