Մեյը Պուտինին կոչ է արել վերջ տալ «անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին»

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը Օսակայում, 28 հունիսի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերջ տալ «անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին», եթե ցանկանում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք կտրուկ վատթարացել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստեր թունավորման պատճառով:

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Մեյն այդ մասին հայտարարել է Ճապոնիայում՝ «Մեծ քսանյակի» շրջանակներում, նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունենում վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ:

Աղբյուրի համաձայն, Մեյը կոչ է արել՝ պատասխանատվության ենթարկել այն ռուսաստանցիներին, ովքեր, Լոնդոնի պնդմամբ, մասնակցել են Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած հարձակմանը:

Սկրիպալների թունավորման աղմկահարույց դեպքից հետո Մեծ Բրիտանիան, ինչպես նաև արևմտյան մի շարք գերտերություններ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ՝ էլ ավելի խորացնելով այդ երկրի տնտեսական մեկուսացումը:

Պաշտոնական Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները։