Գերմանիայի ԱԳ նախարարը այսօր ժամանում է Թեհրան

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաաս, արխիվ

Եվրամիության առաջատար երկրի՝ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը այսօր կժամանի Թեհրան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված գործարքը պահպանելու համար:

Չորս տարի առաջ վեց գերտերությունների հետ ստորագրած այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սառեցնել միջուկային փորձարկումները՝ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները վերանայելու դիմաց: Անցած տարի, սակայն, Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ վերականգնելով կոշտ պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Ի տարբերություն Վաշինգտոնի, եվրոպական դաշինքը, այդ թվում՝ համաձայնագրի տակ ստորագրած Գերմանիան, ձգտում են ուժի մեջ թողնել գործարքը: «Բեռլինը, Լոնդոնն ու Փարիզը վստահ են, որ այդ փաստաթուղթը շարունակում է մնալ Իրանի միջուկային նկրտումները զսպելու լավագույն ճանապարհը», - ասում է Հեյդելբերգի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր Սեբաստիան Հարնիշը: - «Եվրոպական եռյակը փորձում է խուսափել 2003-ին Իրաքի շուրջ ստեղծված ճգնաժամից, երբ տարաձայնությունները հարթվեցին ռազմական ճանապարհով և ամերիկյան ուժերի ներխուժմամբ»:

Թեհրան ժամանելուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը այցելել էր Հորդանան, Իրաք, ԱՄԷ և բոլոր կանգառներում ընդգծել՝ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը լուրջ հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: «Մենք՝ եվրոպացիներս, վստահ ենք, որ պետք է ուժի մեջ թողնել Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը և բանակցել, անգամ երբ տարաձայնությունները թվում են անհաղթահարելի», - ասել էր Հեյկո Մաասը:

Իրանի արտգործնախարարը գերմանացի գործընկերոջ այցի նախաշեմին՝ երեկ, հստակ ընդգծել է՝ Թեհրանը ոչ թե հայտարարություններ, այլ՝ կոնկրետ արդյունքներ է ակնկալում: «Եվրոպացիները, որպես միջուկային համաձայնագիրը ստորագրող կողմ, պատասխանատու են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացման համար», - ըստ պետական «Ֆարս» գործակալության, երեկ հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հավելելով․ - «Նրանք պետք է կոնկրետ քայլեր ցույց տան, և եթե ասում են, որ ջանքեր են գործադրել, որոնք արդյունք չեն տվել, մենք էլ կարող ենք ջանքեր գործադրել, որոնք ապարդյուն կլինեն»:

Անցած ամիս արդեն Իրանը ժամանակավորապես սառեցրել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից երկուսը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր՝ Թեհրանը 60 օր ժամանակ է տալիս միջազգային համայնքին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպեսզի վերջինս գործուն մեխանիզմներ գտնի Իրանը տնտեսական մեկուսացումից հանելու, ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար: «Հակառակ դեպքում, մենք կվերականգնենք միջուկային փորձարկումները», - մայիսին հայտարարել էր Հասան Ռոհանին: Նրա հետ Գերմանիայի արտգործնախարարը կհանդիպի այսօր երեկոյան: