Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե՝ ամսվա վերջին նախատեսված հանրաքվեից առաջ:
Սեպտեմբերի 30-ին տեղում քվեարկության է դրվելու հարցը՝ արդյոք երկրի բնակիչները կո՞ղմ են անդամակցությանը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը և ընդունո՞ւմ են Մակեդոնիայի անվանափոխության հարցով Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնագիրը:
Տարիներ շարունակված բանակցություններից հետո՝ ամիսներ առաջ, Աթենքն ու Սկոպյեն հայտարարեցին, թե փոխհամաձայնության են եկել, ըստ որի՝ Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Այս տարաձայնության պատճառով Աթենքը տասնամյակներ ի վեր արգելափակում էր Սկոպյեի անդամակցությունը եվրոպական կառույցներին, պնդելով, որ դա կարող է տարածքային հավակնություններ առաջացնել Հունաստանի համանուն շրջանի հանդեպ: